Լրահոս

14.08.2024 13:28


Պատերին ճաքեր կան, քարեր են ընկել․ Երանոսում երկրաշարժից հետո 82 շենք-շինություն է վնասվել

Պատերին ճաքեր կան, քարեր են ընկել․ Երանոսում երկրաշարժից հետո 82 շենք-շինություն է վնասվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում օգոստոսի 12-ին գրանցված երկրաշարժից հետո 82 շենք-շինության վերաբերյալ արձանագրություն է կազմվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտունու համայնքապետի կողմից հանձնաժողով է ստեղծել, որը աշխատանքներ է իրականացնում վնասների չափը պարզելու ուղղությամբ։

«Այդ օրը 120 զանգ է ստացվել ճգնաժամային կառավարման կենտրոնում, որոնք կապված են եղել հետցնցումների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում կազմվել է 82 շենք-շինության վերաբերյալ արձանագրություն։ Դրանք բնակելի տներ են և կից շինություններ։ Երանոս բնակավայրի 56 տան պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 հողաշեն անասնագոմի պատերից պոկվել և ընկել են քարեր։ 22 շենք-շինությունում, այդ թվում` Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմերի պատերին և Ծովասար բնակավայրի 2 տան պատերին ճաքեր են առկա եղել»,-նշեց Սարգսյանը։

Ծակքար բնակավայրում վնասվել են միջնակարգ դպրոցի, Սուրբ Աստվածածին եկեղեցու և մշակույթի տան պատերը, առկա են եղել նաև ճաքեր։

Ըստ ՆԳ նախարարի մամուլի խոսնակի՝ այս պահին էլ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, վերջնական պատկերը ստանալուց հետո լրացուցիչ տեղեկություն կտրվի։

Հիշեցնենք` օգոստոսի 12-ին` ժամը 02:02-ին, Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզում (5 բալ ուժգնությամբ), Կոտայքի մարզում (4 բալ) և Երևան քաղաքում (2-3 բալ)։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը