Աշխարհ

24.11.2011 14:38


Կիրո Մանոյան. «Լեռնային Ղարաբաղի հարցում իրավիճակն առաջիկա 2 տարում փոփոխություն չի կրի»

Կիրո Մանոյան. «Լեռնային Ղարաբաղի հարցում իրավիճակն առաջիկա 2 տարում փոփոխություն չի կրի»

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի և Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ասել է, թե իրավիճակն առաջիկա 2 տարում փոփոխություն չի կրի, քանի որ նախընտրական շրջան է սկսվում թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ Մինսկի խմբի համանախագահող երկրներում։

Նրա խոսքերով՝ առաջիկայում ոչ մի առաջընթաց էլ պետք չէ ակնկալել այն հանգամանքից, որ Ադրբեջանն ընտրվեց ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, և անընդհատ փորձելու է ԼՂ խնդրի ֆորմատը տեղափոխել այնտեղ:

–Միջնորդների առաքելությունը լինելու է պատերազմի հավանականությունը զրոյի հավասարեցնելը: Իրենք էլ շահագրգռված չեն, որ խնդիրը կարգավորվի,–հայտարարել է Կիրո Մանոյանը։

Նրա խոսքերով՝ պատերազմի հավանականությունն այնքան էլ մեծ չէ, թեև միջադեպերը կարող են բերել դրան:

–Իրենք վստահ չեն, որ կհաղթեն: Այն օրը, երբ պատերազմ սկսեն, կզրկվեն նավթից ստացվող եկամուտներից: Ռուս-վրացական պատերազմը հինգ օր տևեց, իսկ նավթամուղը փակվեց մեկ ամիս: Եթե պատերազմ լինի, պատկերացրե՛ք, թե ինչ տեղի կունենա,–ընդգծել է նա։

Անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական կողմի սադրանքներին և մեր  կողմի արձագանքին՝ Կիրո Մանոյանը նշել է, որ Ադրբեջանին զսպելու միակ ձևը համապատասխան գործողություններն են:

–Համապատասխան, չեմ ասում համարժեք, բայց ինչ-որ բան անել պետք է: Միջազգային հանրությունը պե՛տք է հասկացնի Ադրբեջանին: Միաժամանակ մենք պետք է ակտիվացնենք դիվանագիտությունը և հասնենք լուրջ հաջողությունների,–ընդգծել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը