Աշխարհ

19.08.2024 17:18


Բաքուն ՌԴ հարթակը ընդունելի է համարում Երևանի հետ բանակցելու համար. Բայրամով

Բաքուն ՌԴ հարթակը ընդունելի է համարում Երևանի հետ բանակցելու համար. Բայրամով

Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Հայաստանի հետ բանակցելու տարբեր հարթակներից, իսկ ռուսական հարթակը միշտ ընդունելի է եղել Բաքվի համար։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։

«Մենք բաց ենք հայկական կողմի հետ հանդիպումների համար, բանակցային գործընթացի բուն ձևաչափին։ Մենք դրա համար օգտագործում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև չմիջնորդավորված և երկկողմ ձևաչափը։ Մենք նաև երբեք չենք հրաժարվել տարբեր այլ հարթակներից։ Ռուսաստանի Դաշնության հարթակը մեզ համար միշտ էլ ընդունելի է եղել, և, բնականաբար, մենք պատրաստ ենք օգտագործել այդ հարթակը»,–ասել է արտգործնախարարը։

Նա կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի ապագայում երկրների միջև տարածքային հարցին վերադառնալու բոլոր հնարավոր ռիսկերը:

Բայրամովը կրկնել է Բաքվի դիրքորոշումը` գործընթացի ավարտի հիմնական խոչընդոտն այն է, որ Հայաստանի անկախության մասին փաստաթղթում և երկրի Սահմանադրության մեջ մինչ օրս տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ:

Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը: Երևանը առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։

ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը