Աշխարհ

20.08.2024 15:25


Իտալիայում զբոսանավի խորտակման հետևանքով անհետ կորել  է Morgan Stanley-ի տնօրենների խորհրդի ղեկավարը

Իտալիայում զբոսանավի խորտակման հետևանքով անհետ կորել  է Morgan Stanley-ի տնօրենների խորհրդի ղեկավարը

Աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերն Իտալիայում անհետ կորել է Սիցիլիայի ափերի մոտ զբոսանավի խորտակման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով Սիցիլիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության գլխավոր տնօրեն Սալվատորե Կոչինային։

Ըստ նրա տեղեկատվության՝ Բլումերը նավի վեց անհետ կորած ուղևորների թվում է՝ Clifford Chance ընկերության փաստաբան Քրիս Մորվիլոյի հետ միասին։ Բլումերի կինը նույնպես անհետ կորածների թվում է։

Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է փրկել միլիոնատեր Մայքլ Լինչի կնոջը՝ Անժելա Բակարեսին, որին պատկանում էր զբոսանավը։ Լինչի և նրա 18-ամյա դստեր՝ Հաննայի ճակատագիրը նախկինի նման անհայտ է։

Զբոսանավի շեֆ-խոհարարի մահը հաստատվել է, նրա մարմինը հայտնաբերել են ջրասուզակները:

56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել փոթորկի պատճառով: Զբոսանավը նավարկում էր բրիտանական դրոշի ներքո։

Առափնյա պահպանության ծառայությանը հաջողվել է փրկել 15 հոգու, նրանց թվում՝ մեկ տարեկան երեխայի, որին տեղափոխել են Պալերմոյի մանկական հիվանդանոց։ Վեց մարդ, այդ թվում՝ չորս բրիտանացիներ, դեռևս համարվում են անհետ կորած։ Խորտակված նավը գտնվում է 49 մ խորության վրա՝ ափից մոտ 800 մ հեռու:

Օգոստոսի 20-ի առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Ջրասուզակները փորձում են մտնել նավ, սակայն դա բավական բարդ է՝ հաշվի առնելով նավի սուզման խորությունը և այն, որ նավը ծովի հատակին է գտնվում 90 աստիճան անկյան տակ։

Այս խորագրի վերջին նյութերը