Կարծիք

21.08.2024 17:18


Փաշինյանը քաղաքական լեգիտիմ հիմք է նախապատրաստում Արցախի օրինակով Սյունիքն Ադրբեջանին հանձնելու համար

Փաշինյանը քաղաքական լեգիտիմ հիմք է նախապատրաստում Արցախի օրինակով Սյունիքն Ադրբեջանին հանձնելու համար

Շատերին այս միտքը կարող է անհավատալի թվալ, թե ինչո՞ւ և ինչպե՞ս կարող է Փաշինյանն այնպիսի վիճակի հասցնել, որ գրեթե բոլոր միջազգային խաղացողները լռելյայն համաձայնվեն Ադրբեջանի կողմից Սյունիքի գրավման հարցում:

Հիշեցնենք, որ մոտավորապես նույն ձևով Փաշինյանը վարվեց Արցախի հետ՝ իշխանության գալուց հետո հայտարարելով, որ ինքը, իբր, Արցախին դարձնելու էր բանակցային գործնթացի լիիրավ կողմ:

Արդյունքում նա կազմաքանդեց բանակցային գործընթացը, հետո 2019-ին հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»՝ փորձելով գրավել տրեխավոր ազգայնականների սիրտը: Որից հետո եղավ 2020-ի ամառային ավանտյուրան Տավուշում, և որը վերջնականապես ճանապարհ բացեց Ադրբեջանի համար՝ նոր պատերազմ սկսելու Արցախի դեմ:

Այն ժամանակ քչերն էին հասկանում, թե ինչու Փաշինյանը գնաց այդ քայլերին:

Վրացական վերջին պատմություններից հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ այդ երկրի իշխանությունը խոստանում է բացահայտել, թե ովքեր սադրեցին Սաակաշվիլուն 2008-ին բացել պատերազմի դուռը Օսիայում: Սադրում էին, որպեսզի դրանից հետո Վրաստանի արտաքին քաղաքականությունը դառնար միաբևեռ՝ արևմտամետ: Այդ դեպքում երկիրը հայտնվում է հակառուսական թակարդում և հեշտ է կառավարվում դրսից:

Նույն ձեռագիրը մենք տեսանք նաև Հայաստանում՝ 2018-ից հետո: Այն է՝ Փաշինյանին դրսից սադրում էին այդ քայլերին՝ խոստանալով, որ «տոտալիտար Ադրբեջանը ռիսկ չի անի հարձակվել տարածաշրջանի դեմոկրատիայի բաստիոն հանդիսացող Հայաստանի վրա»:

Հասկանալի էր, որ դա հեքիաթ էր, բայց այն հրամցվեց փաշինյանական գեղցիներին՝ խաղալով նրանց գավառական զգացմունքների վրա:

Այդ թեզը մոլորեցրել էր Փաշինյանին և նրա փողոցային խմբակին, որպեսզի հետագա քայլերի արդյունքում Հայաստանը պարտվեր պատերազմում, կորցներ Արցախը և փոխվեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը:

Որից հետո այդ նույն դրսի շրջանակները, փորձելով ավարտել իրենց ամբողջական ծրագիրը, «հուշեցին» Փաշինյանին՝ «ազատվել» Արցախից, որպեսզի նա կարողանա իբր «ազատել» Հայաստանը ռուսական ազդեցությունից: Մանավանդ, որ ըստ իր արևմտյան տերերի՝ շախմատային լեզվով ասած, եթե ձեռք էր տվել, պիտի խաղար մինչև վերջ: Այսինքն, Փաշինյանն այդ ամենից հետո չէր կարող ընդհանուր համաձայնության գալ Մոսկվայի հետ, ինչպես որ 2008-ից հետո Սաակաշվիլին չէր կարող լեզու գտնել Մոսկվայի հետ:

Փաշինյանը համաձայնեց կյանքի կոչել նաև այս հրեշավոր ծրագիրը՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտարարելով, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս:

Դրա արդյունքում փոխվեց նաև Արցախում տեղակայված հայկական զինուժի կարգավիճակը:

2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով ռուսական խաղաղապահ կոնտինգենտը պիտի բուֆերի դեր կատարեր Արցախի բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև:

2022-ի հոկտեմբերից հետո Արցախի բանակի կարգավիճակը լուրջ հարված ստացավ՝ Փաշինյանի կողմից Արցախը ճանաչվելով որպես Ադրբեջանի մաս:

Փաշինյանի արևմտյան տերերի գլխավոր նպատակը Արցախի հայաթափումով ապալեգիտիմացումն էր ռուսական զինված ուժերի ներկայությունն Արցախում:

Փաշինյանի ջանքերով դա նրանց հաջողվեց:

Իսկ այսօր դրված է ռուսական ազդեցությունից Հայաստանի դուրս բերման հարցը:

Իսկ դրա համար Փաշինյանին անհրաժեշտ էր, որպեսզի Արևմուտքը ստիպի Ալիևին նոր պատերազմական ճակատ չբացել Հայաստանի դեմ:

Ադրբեջանն, իհարկե, թքած ունի Արևմուտքի այդ խնդրանքի վրա, քանզի իրական քաղաքական կյանքում ուժերի բալանսն է որոշում այս կամ այն տարածքը կարելի՞ է գրավել, թե՞ ոչ:

Տվյալ պահին Հայաստանի դեմ նոր պատերազմական գործողություններ սկսելուց Ադրբեջանին դեռ հետ է պահում երեք գործոն.

Առաջին

Ադրբեջանը նախ Հայաստանի վրա հարձակումը պիտի համաձայնեցնի Մոսկվայի հետ, որպեսզի այդ ագրեսիայի ընթացքում վերջինս չաջակցի Հայաստանին:

Այս հարցում Ադրբեջանը մեծ աշխատանք է կատարել, նաև՝ Փաշինյանի օգնությամբ: Քանզի Փաշինյանի որոշումը՝ Հայաստանը մտցնել ամերիկացիների ազդեցության տակ, Ալիևի համար կանաչ դուռ է բացում՝ չեզոքացնելու ռուսական գործոնը Հայաստանի վրա նոր հարձակման պարագայում:

Ավելին, Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի դրժումը՝ բացել կոմունիկացիաները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ, լեգիտիմ հիմք է տալու, որ Ալիևը հայտարարի՝ քանի որ Փաշինյանն ինքը հրաժարվում է կատարել իր իսկ ստորագրած համաձայնագիրը, ապա Բաքուն կարող է իրավունք ստանալ ինքնուրույն լուծել այդ խնդիրը: Եվ այստեղ Մոսկվան ոչ մի առարկությամբ չի կարող հանդես գալ:

Երկրորդ

Ալիևը մինչ Հայաստանի վրա հարձակումը այն պիտի համաձայնեցնի նաև Իրանի հետ, ով նույնպես մերժում է միջանցքի գաղափարը Սյունիքով: Սակայն, այստեղ էլ Ադրբեջանը հիմնավորում է, որ Հայաստանն ինքն է իր տարածքը տրամադրում ամերիկացիներին, ովքեր Իրանի համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան ադրբեջանցիները:

Այս հարցում էլ է Ալիևն առաջնթաց արձանագրել Իրանին համոզելու հարցում, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Ալիևի հիմնավորումները ճշմարիտ լինեն:

Երրորդ

Ալիևը սկսել է մաքոքային քաղաքականություն արևմտյան կենտրոնների հետ համոզելու համար, որ եթե Ադրբեջանը գրավի Սյունիքը, ապա Արևմուտքը հսկայական օգուտներ կունենա միջին միջանցքի նոր ուղու զարգացման համար:

Ավելին, Թուրքիայի օգնությամբ այս օրերին Ադրբեջանը մեծ աշխատանքներ է տանում, որպեսզի դառնա ապագա ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ, որով կկարողանա էապես մեծացնել իր կշիռը Արևմուտքում և քաղաքական ինդուլգենցիա ստանալ Հայաստանի վրա հարձակման համար:

Այս երեք ուղությամբ էլ Ալիևն ինտենսիվ կերպով աշխատում է և մոտ է հասնելու հաջողությանը: Մանավանդ, որ իր ծրագրերին պարզապես իդեալական կերպով համապատասխանում է Փաշինյանի ներկայիս քաղաքականությունը:

Ի՞նչ անել

Այս հարցադրումն արդեն վկայում է, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում Հայաստանի քաղաքական դաշտը: Սրանց բացի իրենց աթոռներից, անձնական շահերից և ապագա պառլամենտում հայտնվելու խնդրից, այլ բան չի հետաքրքրում:

Պատճառը նույնպես պարզ է՝ 30 տարվա ընթացքում Հայաստանում ձևավորվել է սովխոզակոլխոզային վերնախավ, ովքեր պատկերացում չունեին ոչ արտաքին, ոչ էլ ներքին քաղաքական խնդիրներից:

Արդյունքում հանրության մեծ մասը չի ստանում առարկայական վերլուծական տեղեկատվություն, թե ինչ վտանգների առջև է կանգնած երկիրը:

Մարդիկ, իհարկե, մտահոգված են Փաշինյանի քաղաքականությունից, սակայն որպեսզի ձևավորվի այլընտրանքային քաղաքական բևեռ, պիտի նախ ձևավորվի այլընտրանքային քաղաքական օրակարգ, որը հասկանալի լինի հանրության մեծ մասին: Որից հետո պիտի սկսվի մեծ կազմակերպչական աշխատանք այդ բևեռի ձևավորման համար: Եվ միայն դրանից հետո, երբ դրսի մեր պոտենցիալ դաշնակիցները տեսնեն, որ Հայաստանում կա Փաշինյանին այլընտրանք, կփորձեն չմտնել Ալիևի խաղի մեջ և դեռ ավելին, թույլ չեն տա, որ Հայաստանը կորցնի Սյունիքը և, որպես հետևանք՝ իր պետականությունը:

Իսկ դրա համար պետք է շտապել: Քանզի Հայաստանի կազմալուծմանը շատ ժամանակ չի մնացել:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը