Քաղաքական

22.08.2024 11:52


Քույրը փոխմարզպետ, եղբայրը կառավարության աշխատակազմում. «Ժողովուրդ»

Քույրը փոխմարզպետ, եղբայրը կառավարության աշխատակազմում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող ՔՊ-ական իշխանության միջին չինովնիկների փաստաթղթերի բովանդակությունը վիճակագրորեն տարածելով ողջ կառավարության մասշտաբով` կստանանք աղետի հասնող, պետական կոռուպցիոն կայուն ինստիտուտ։

Այսպես, Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը ներկայացնում է հայտարարագիր` նշելով, որ «Մերսեդես-Բենզ» ավտոմեքենան ձեռք է բերել 01.01.2018 թվականին։

Հաջորդ հայտարարագրով այդ նույն «Մերսեդես-Բենզի» ձեռքբերման տարեթիվը դառնում է 13.06.2019 թվականը (մոտ երկու տարվա շեղում). այս կեղծիքի նպատակները կարող են լինել մի քանիսը, որոնք, կարծում ենք, պետք է պարզեն իրավապահները, և ոչ թե լրագրողները։

Ուսումնասիրում ենք Միլադա Հովհաննիսյանի եղբոր հայտարարագիրը. նա Արայիկ Հարությունյանի օգնականն է։ Սուրեն Հովհաննիսյանը թեև ներկայացնում է համեստ` իսկը հեղափոխականի հայտարարագրած գումար` 4.9 միլիոն դրամ, սակայն, հանկարծ, հաջորդ տարի սույն պաշտոնյան ձեռք է բերում 30.5 միլիոն դրամով բնակարան Երևանում։ Այստեղ պետք է հանուն արդարության նշել, որ Հովհաննիսյանը մյուս ՔՊ-ականների պես չի պահպանել ձևական կողմը և չի արտացոլել ինչ-որ վարկ` իբրև գումարի ծագման աղբյուր։

Առավել ուշագրավ է քույր ու եղբոր փոխկապակցված անձի՝ նրանց հոր` Մկրտիչ Հովհաննիսյանի հայտարարագիրը, ըստ որի` նա չունի ոչ մի լումա դրամական միջոց, ոչ մի լումա աշխատավարձ կամ շահաբաժին, սակայն վերջինիս ֆեյսբուքյան էջի փաստերը, որպես օրենքի տեսանկյունից «երրորդ անձից ստացված տեղեկություն», արձանագրում են` փոխմարզպետի և եղբոր՝ կառավարության պաշտոնյայի հայրը տիրապետում է լուրջ բիզնեսների, խոշոր արտադրության համահիմնադիր է։

Ավելորդ ենք համարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հորդորել, խնդրել` վերջապես զբաղվելու իշխանավորների իրավախախտումներով։

Միայն միջազգային կառույցների համար փաստենք, որ ՀՀ-ում կոռուպցիան կրում է ինստիտուցիոնալ բնույթ և ենթադրյալ օրինախախտի ՔՊ-ական լինելու դեպքում՝ բացահայտ կերպով անտեսվում է իրավապահների կողմից»։

Այս խորագրի վերջին նյութերը