Աշխարհ

25.08.2024 13:11


Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ Թել Ավիվը երկօրյա արտակարգ դրություն է սահմանել

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ Թել Ավիվը երկօրյա արտակարգ դրություն է սահմանել

Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են երկրի հյուսիսում գտնվող օբյեկտների ուղղությամբ «Հեզբոլլահ» շարժման կողմից հարյուրավոր հրթիռների արձակման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես The Times of Israel թերթը, հղում կատարելով Իսրայելի Պաշտպանության նախարարությանը, հայտնել է 210 հրթիռի և 20 անօդաչու թռչող սարքի արձակման մասին, որոնք հարվածել են իսրայելական 11 ռազմաբազաների։

«Հեզբոլլահ» շարժումը Իսրայելի վրա հրթիռակոծությունը համարել է նախնական պատասխան Բեյրութում իր ռազմական թևի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանության համար:

Ավելի վաղ՝ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելի տարածքին հրթիռային հարված նախապատրաստելու հետ կապված, Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները գրոհել են Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է երկրում 48 ժամով արտակարգ դրություն մտցնելու մասին։

Իսրայելական կողմը հայտնել է նաև Գազայի հատվածում իր զինվորների զոհվելու, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի շուրջ 20 անդամի սպանվելու մասին:

Al Jazeera-ի տվյալներով՝ օգոստոսի 24-ին Գազայի հատվածի կենտրոնական մասում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով 71 մարդ է զոհվել։

Ըստ աղբյուրի՝ տանկերն ու բուլդոզերները, որոնք շարժվում են դեպի Գազայի կենտրոնում գտնվող Դեյր էլ Բալահ քաղաք, ստիպել են ավելի քան 100 հազար մարդու լքել տարածքը վերջին երկու օրվա ընթացքում։

Այս խորագրի վերջին նյութերը