Քաղաքական

27.08.2024 08:15


Կիսաճշմարտությամբ հնարավոր չէ քաղաք կառավարել, Ավինյա՛ն. ճիշտ հակառակ արդյունք կունենանք

Կիսաճշմարտությամբ հնարավոր չէ քաղաք կառավարել, Ավինյա՛ն. ճիշտ հակառակ արդյունք կունենանք

Տիգրան Ավինյանը հայտնել է, թե ավտոբուսային գծերը հանրային տրանսպորտի բարեփոխումների կարևորագույն մասն են կազմում, և առանց այդ գծերի ավելացման՝ Երևանում անհատական մեքենաների քանակի ահագնացող ավելացման առումով որևէ դրական լուծումների չենք կարող գալ։

«Հանրային տրանսպորտի բարեփոխումների հիմնական նպատակն է՝ առաջին հերթին տալ առաջնահերթություն հանրային տրանսպորտին: Սա է լինելու այն տրամաբանությունը, որով Երևան քաղաքը առաջնորդվելու է. տալու է առավելություն, տալու է առանձնացված գծեր, որով որոշակի անհարամարություն է ստեղծելու անհատական մեքենաների համար: Այն քաղաքաները, որոնք այս ճանապարհը սկսել են ճիշտ ժամանակին անցնել, ստացել են բարվոք երթևեկություն, բոլոր այն քաղաքները, որոնք ուշացել են այս ռեֆորմներն իրականացնելու ճանապարհին, այնտեղ խայտառակ իրավիճակ է երթևեկության առումով»,-ասաց Ավինյանը:

«Եթե մենք չկանխենք մեքենաների ավելացման տենդենցը, եթե հանրային տրանսպորտի համար որոշակի հնարավորություններ չստեղծենք, մի օր մեր տնից դուրս ենք գալու մեր մեքենայով ու կանգնած ենք մնալու բակում, որովհետև անընդհատ մեքենաների քանակը կաճի»,-եզրափակել է իր միտքը նա։

Առաջին տպավորությամբ, Ավինյանը ճիշտ միտք է արտահայտում. առանց քաղաքային տրանսպորտի համար առանձնացված գծեր ունենալու՝ լուրջ տրանսպորտային բարեփոխում անցկացնել հնարավոր չէ:

Սակայն իրականությունն այն է, որ դա ճշմարտության մի կողմն է միայն:

Եթե մենք ուզում ենք, որ պատկերավոր ասած՝ մեքենան կարողանանք բակից դուրս հանել, անհրաժեշտ է տրանսպորտային համակարգի ամբողջական բարեփոխում, այլ ոչ թե՝ առանձին վերցված քայլ:

Որպեսզի տրանսպորտը ժամանակին կարողանա արագ տեղ հասնել, իրոք որ անհրաժեշտ է ունենալ առանձնացված գծեր:

Բայց որպեսզի կենտրոնական փողոցները հնարավոր լինի ամբողջովին ազատել ավտոկանգառներից, պիտի քաղաքով մեկ կառուցվեն համապատասխան քանակի մեքենաների առանձնացված կանգառներ:

Բայց դա էլ քիչ է, որպեսզի քաղաքացին որոշի ընտրել տրանսպորտային միջոցը, այլ ոչ թե՝ սեփական մեքենան, տրանսպորտի ուղեվարձը պիտի լինի մատչելի իր համար: Հակառակ պարագայում, քաղաքացին կգերադասի երթևեկել սեփական փոխադրամիջոցով:

Ավինյանի այն միտքը, որ եթե բոլորը երթևեկեն սեփական մեքենաներով, այլընտրանք չէ, ճիշտ է, բայց չի ասում, որ եթե թանկացնում ես տրանսպորտի ուղեվարձը, ապա ակամա խրախուսում ես, որ քաղաքացին հենց իր փոխադրամիջոցից օգտվի, այլ ոչ թե՝ թանկ տրանսպորտից:

Այդ իսկ պատճառով էլ տրանսպորտի ուղեվարձը գլխավոր խթաններից է, որ քաղաքացին ընտրի տրանսպորտը, այլ ոչ թե՝ սեփական մեքենան:

Գրեթե բոլոր զարգացած երկրներում հենց այս հայեցակարգն է դրված քաղաքի կառավարման հիմքում:

Ինչպես հայտնի է, իշխանությունն առաջարկում է տրանսպորտային ուղեվարձի թանկացման փաթեթ, որի արդյունքում, Ավինյանի բնորոշմամբ, մարդը կգերադասի օգտվել իր սեփական փոխադրամիջոցից, քան երկուսից երեք անգամ թանկացած ուղեվարձով տրանսպորտից:

Ի վերջո, տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, սեփական փոխադրամիջոցի հետ, կբերի ոչ թե մեքենաների թվի կրճատման, այլ՝ ճիշտ հակառակը: Քանի որ մարդը սեփական շահից է որոշում կայացնելու, թե ինչպես երթևեկի:

Իսկ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ տրանսպորտի հատուկ գծերի ավելացումով, Ավինյանն ու քաղաքային իշխանությունները կստանան ոչ թե շնորհակալություն հանրության կողմից, այլ լրացուցիչ քննադատություն, գուցե նաև համեմված՝ հայոյանքներով: Քանի որ այդպես տրանսպորտային բարեփոխում չեն իրականացնում: Այդպես քաղաքը բերում են տրանսպորտային ամբողջական կոլապսի:

Այս հարցում ճիշտ կաներ Ավինյանը հաշվի առներ «Մայր Հայաստանի» խորհուրդները տրանսպորտային ուղեվարձի բարեփոխման վերաբերյալ, որն, ի դեպ, կյանքի են կոչել մի շարք եվրոպական քաղաքաներ ու նաև՝ մեր հարևան Թբիլիսին:

Այդ խորհուրդները հաշվի առնելուց հետո միգուցե Ավինյանի այս խոսքերը՝ մեքենաների կրճատման վերաբերյալ, կարող են տրամաբանական թվալ: Սակայն, երբ դու միաժամանակ անգամներով թանկացնում ես տրանսպորտի ուղեվարձը և հայտարարում, որ ճիշտ կլինի՝ քաղաքացին տրանսպորտից օգտվի, քան իր փոխադրամիջոցից, դու ակամայից դառնում ես նույն քաղաքացու կողմից արդարացի քննադատության թիրախ: Քանզի քո խոսքերը դառնում են ցինիզմի դրսևորում՝ նույն քաղաքացու տեսանկյունից:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը