Կարծիք

28.08.2024 13:02


Ադրբեջանը հրճվանքի մեջ է. Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները հեռանում են իրենց բնակավայրերից

Ադրբեջանը հրճվանքի մեջ է. Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները հեռանում են իրենց բնակավայրերից

Ադրբեջանական լրատվամիջոցները չեն էլ թաքցնում իրենց ուրախությունը այն մասին, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները հեռանում են իրենց բնակավայրերից, քանի որ իրենց անվտանգ չեն զգում:

Ադրբեջանին սահմանակից Հայաստանի մարզերի՝ Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները։ Հայաստանի հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ վերջին հինգ տարիների ընթացքում այդ տարածքները «կորցրել են» գրեթե 40 հազար մարդ։ Շատ գյուղեր ամբողջովին ամայացել են։

Այս արտագաղթի պատճառներն ակնհայտ են՝ խորը հիասթափություն կատարվածից, ապագայի նկատմամբ անորոշություն, անվտանգության անհանգստություն և կուտակված սոցիալական խնդիրներ։

Մեկնողները խոստովանում են իրենց մտերիմներին, որ ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ բնակավայրերում վախն ու հոռետեսությունը միայն ուժեղացել են, ինչը զանգվածային արտագաղթի պատճառ է դարձել։

«Մարդիկ գնում են, քանի որ պատերազմից հետո հիասթափվել են»,- ասում են մնացածները:

Ըստ վիճակագրության՝ 2019 թվականի ամռանը Գեղարքունիքում բնակվել է մոտ 230 հազար մարդ, որոնց մեծ մասը՝ գյուղերում։ Բայց, 44-օրյա պատերազմը և Ադրբեջանի հետ սահմանին պարբերաբար տեղի ունեցող բախումները էապես ազդել են իրավիճակի վրա. շրջանի բնակչությունը նվազել է 13 հազարով։

Սևանցիները նշում են, որ երիտասարդների մեծ մասը նախընտրում է տեղափոխվել Երևան, քանի որ Սևանում աշխատատեղերը շատ քիչ են, իսկ պետական ​​ձեռնարկություններ ընդհանրապես չկան։ Գեղարքունիքը, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկն է. այստեղ յուրաքանչյուր երրորդն ապրում է աղքատության շեմից ցածր, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակն ամենաբարձրն է հանրապետությունում։ Բնակչության գրեթե 5 տոկոսը հազիվ կարող է իրեն թույլ տալ օրական նույնիսկ 3 դոլար ծախսել։ Նույնիսկ նրանք, ովքեր աշխատանք են գտնում, ստանում են ամենացածր աշխատավարձը Հայաստանում։

Ադրբեջանցներին այս տեղեկատվությունը ուրախացրել է և նրանք նշում են, որ միայն պատերազմով չէ, որ պետք է մոտեցնել, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբհեջանի» կայացման գործնթացը իրական կյանքում:

Ընդ որում, Հայաստանի սահմանամերձ բնակչության մասին տեղեկատվությունը միայն պաշտոնական մարմինները չէ, որ հրապարակում են: Զարմանալիորեն այս տարածքների բնակչության մասին, տեղեկատվություն են հավաքում նաև Հայաստանում գործող արևմտյան տարբեր կառույցներ: Որոնց տեղեկատվությունը արագորեն հայտնվում է ադրբեջանցիների շրջանում:

Հայաստանն այսօր դարձել է բաց տարածք մեր երկրի բոլոր թշնամական կենտրոնների համար: Պատճառը նույնպես հասկանալի է, քանի որ մեր երկրի գլխավոր թշնամական կենտրոնը գտնվում է Հանրապետությւան հրապարակի կառավարության շենքում:

Արցախը թշնամուն հանձնելուց հետո, այս փողոցային հանցագործները նպատակ են դրել Հայաստանի հանձման խնդիրը լուծել, որպեսզի այս տարածքի դեմոգրաֆիկ կազմը փոխվի արմատական ձևով, ինչպես այն կար մինչ 1828 թվականը, այսինքն՝ մինչ Ռուսական կայսրության կողմից տարածաշրջանի նվաճումը:

Իսկ թե ով է դա ցանկանում, ում ձեռքերով, արդեն վաղուց է հայտնի բոլորին:

Պարզապես Հայաստանում դեռ չի ձևավորվել իսկապես ազգային պետական դիմադրության կենտրոն, որը կկարողանար խափանել, ոչ թե ձևական խոսքերով, այլ իրական գործերով, Հայաստանի արտաքին և ներքին թշնամիների այս ծրագրերը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը