Քաղաքական

28.08.2024 20:36


Իսկ Փաշինյանն ունի՞ որևէ ծրագիր հայերի՝ Արցախ վերադարձի համար․ Զախարովա (տեսանյութ)

Իսկ Փաշինյանն ունի՞ որևէ ծրագիր հայերի՝ Արցախ վերադարձի համար․ Զախարովա (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ օգոստոսի 28-ին, ճեպազրույցում մեկնաբանել է էթնիկ զտումներին և հայերի Արցախ վերադարձին վերաբերող հայ լրագրողի հարցը։

«Էթնիկ զտումների վերաբերյալ, ճիշտն ասած, կարծում եմ, որ ես և դուք արդեն խոսել ենք՝ հարցնելով, թե արդյոք այդ հաշվով որևէ եզրակացություն արե՞լ են Հայաստանում հարգանք վայելող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ձեզ հետ քննարկում էինք դա, վեց ամիս առաջ, դուք չէիք կարող ինձ տալ որևէ որոշում կամ գնահատական, որը բխեր էթնիկ զտումների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունում աշխատող փորձագետների գրչից։

Եթե ​​ունեք, խնդրում եմ հաղորդակից դարձրեք ինձ կամ տրամադրեք համապատասխան գնահատականներ»,-հայտարարել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ հարց է ուղղել՝ «ինչպե՞ս է Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը տեսնում հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»։

«Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ինչպես է Ռուսաստանը տեսնում հայ բնակչությանն իրենց պատմական հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցի լուծումը, դուք դա այսպես ձևակերպեցիք, ուզում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս է դա տեսնում Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը։ Դրա հաշվով կա՞ որևէ հանգամանալից ծրագիր»,-ասել է ԱԳՆ խոսնակը։

«Նման ծրագիր է ներկայացրել ադրբեջանական կողմը։ Ես տեսա դա։ Եթե ​​ինչ-որ ծրագիր լինի Հայաստանի վարչապետի կողմից կազմված, ես էլ հաճույքով կնայեմ, հետո կմեկնաբանեմ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

***

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են։ Օգոստոսի 28-ին, նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կողմերին մղում ենք լուծելու այս հարցը, բայց, ինչպես հասկանում եք, առանց հրատապ հարցերի շուրջ ձեռք բերված այս պայմանավորվածությունների իրականացման, դա, հավանաբար, իրոք բավականին դժվար է անել»,-ասել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները Մոսկվան գործող է համարում։

«Հիմա, ինչ վերաբերում է ձեր պնդումներին, թեև ոչ, դուք հարցրեցիք՝ արդյոք գործող ենք համարում եռակողմ հայտարարությունը, այո, մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում 2020 թվականից մինչև 2022 թվականը առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։

Զախարովան հավելել է, որ չգիտի՝ Հայաստանում ինչ-որ մեկը պաշտոնական մակարդակով հրաժարվել է այդ համնաձայնագրերից կամ պաշտոնական հայտարարություն է արել, որ այդ փաստաթղթերն այլևս վավերական չեն: Նա նշել է, որ հետո դրա վերաբերյալ մեկնաբանություն կանեն, սակայն այս պահին Մոսկվայում նման բան չեն լսել:

Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ այդ համաձայնագրերը ներառում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման բոլոր առանցքային ուղիները։

«Հիշեցնեմ, որ այս համաձայնագրերն ընդգրկում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման բոլոր առանցքային ուղիները՝ ներառյալ խաղաղության պայմանագրի զարգացումը, սահմանազատումը, սահմանի սահմանագծումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների զարգացումը»,-մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

***

Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև կապերն ապաշրջափակելու հարցում ակնհայտ է, քանի որ դա հայտնի է։ Դրա մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառուցման գաղափարը և այդ հարցում Իրանի դիրքորոշումը։

«Մենք ելնում ենք նրանից, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք կբերվեն և կիրականացվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով այնպես, որ կբավարարեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերը»,-ասել է նա։

Ըստ Զախարովայի՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մասին խոսելու դեպքում Ադրբեջանի և Իրանի հետ շփումների հիմնական աշխատանքն իրականացվում է այսպես կոչված արևմտյան ուղղությամբ՝ Ռուսաստանից Կասպից ծովի երկայնքով ադրբեջանական տարածքով և հետագայում դեպի Իրան։

«Երթուղին, որը Հայաստանի տարածքով պետք է միացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, մի շարք այլ երթուղիների հետ միասին, քննարկվում է Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համատեղ նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը։

Այս եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքներն իրականացվում են ըստ ամենաբարձր մակարդակով՝ ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների։

Մենք տեսել ենք Իրանի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք մտահոգություն են հայտնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ և, համապատասխանաբար, բացատրում են այս մոտեցման, այդ վերաբերմունքի պատճառները։ Ինձ թվում է, որ դուք պետք է ուղիղ կապ հաստատեք Թեհրանի հետ»,-եզրափակել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից առաջ քաշված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի վերաբերյալ։

Վերջին անգամ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Խամենեին իր դիրքորոշումն այս հարցում արտահայտել էր Թեհրանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ըստ Իրանի գերագույն առաջնորդի՝ Թեհրանը առաջվա պես համարում է, որ Զանգեզուրի միջանցքի գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին։

Խամենեին ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանալու են փոխադարձ շահերի հիման վրա՝ անկախ այլ երկրների քաղաքականությունից։ Նա նաև հավելել է, որ օտարերկրյա պետությունները չպետք է միջամտեն հարևան երկրների հարաբերություններին։

***

Մենք կոչ ենք արել, կոչ ենք անում և հաստատում ենք, որ շարունակելու ենք այս աշխատանքը երկու կողմերի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային օրակարգում ներառելու Հայրենական մեծ պատերազմի մշակութային և պատմական ժառանգության պահպանման թեման։ Դրա մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղում խորհրդային հայ հերոսների հուշարձանների ադրբեջանցիների ձեռքով ոչնչացման մասին հարցին։

«Եվ այս թեման մեր կողմից պարբերաբար քննարկվում է թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ աշխատանքային շփումներում։ Մենք արտահայտել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության վերաբերյալ, որտեղ էլ որ դա եղել է և ամեն անգամ, երբ շոշափում ենք այս թեմային։ Եթե ​​ձեզ հետաքրքիր է, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իհարկե»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ Բաքվում «հասկանում են, որ Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանումը մեր երկրների սուրբ պարտքն է»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը