Աշխարհ

30.08.2024 18:56


Օվկիանոսի հատակին աշխարհի ամենաբարձր երկնաքերից 4 անգամ բարձր լեռ է հայտնաբերվել

Օվկիանոսի հատակին աշխարհի ամենաբարձր երկնաքերից 4 անգամ բարձր լեռ է հայտնաբերվել

Պատկերացրեք Բուրջ Խալիֆայի բարձրության չորս երկնաքերեր, իրար վրա շարված աշխարհի ամենաբարձր շենքը: Սա գրեթե այն ստորջրյա լեռան բարձրությունն է, որը վերջերս հայտնաբերել և քարտեզագրել են օվկիանոսագետները՝ Կալիֆորնիայի Շմիդտի անվան Օվկիանոսի ինստիտուտի գլխավորությամբ, հաղորդում է CNN-ը։

Խաղաղ օվկիանոսում Չիլիի ափից 1448 կիլոմետր հեռավորության վրա 3109 մետր բարձրությամբ խոյացող լեռը ստորջրյա լեռնաշղթայի մի մասն է, որը ծովասպունգների, հնագույն մարջանների և հազվագյուտ ծովային կենդանատեսակների կացարանն է:

Շմիդտի օվկիանոսաբանական ինստիտուտի գլխավորած թիմը հետազոտել է տարածաշրջանը R/V Falkor հետազոտական ​​նավի անձնակազմի հետ 28-օրյա արշավախմբի ընթացքում, որն ավարտվել է այս ամիս: Հետազոտողները լեռը քարտեզագրել են նավակմախքի տակ տեղակայված հիդրոլոկացիոն սարքի միջոցով:

Օվկիանոսագետները հաշվարկել են, որ աշխարհում կան ավելի քան 1000 մետր բարձրություն ունեցող առնվազն 100 հազար ստորջրյա լեռներ: Նրանք կարևոր կենսամիջավայր են ապահովում բազմաթիվ ծովային կենդանատեսակների համար:

Նոր քարտեզագրված ստորջրյա լեռն ավելի մեծ է, քան 2917 մետր բարձրություն ունեցող Հունաստանի Օլիմպոս լեռը, ավելի փոքր է, քան 3776 մետր բարձրություն ունեցող Ճապոնիայի Ֆուձիյամա լեռը, և գրեթե չորս անգամ գերազանցում է Դուբայի 830 մետր բարձրություն ունեցող Բուրջ Խալիֆայի աշտարակի բարձրությանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը