Աշխարհ

02.09.2024 10:28


Իսրայելում զանգվածային ցույցեր են անցկացվել իշխանությունների դեմ

Իսրայելում զանգվածային ցույցեր են անցկացվել իշխանությունների դեմ

Իսրայելում շարունակվում են զանգվածային ցույցերը, որոնց մասնակիցներն իշխանություններին մեղադրում են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդներին ազատ արձակելու գործընթացը ձախողելու մեջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ երկրի ամենամեծ արհմիությունը նաև կոչ է արել սեպտեմբերի 2-ին համընդհանուր գործադուլ անցկացնել։

Լարվածությունը հատկապես աճել է օգոստոսի 31-ին Գազայի հարավում գտնվող թունելներից մեկում ևս վեց պատանդի մարմնի հայտնաբերումից հետո։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատանդները սպանվել են իրենց հասնելուց կարճ ժամանակ առաջ։

Սեպտեմբերի 1-ին տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ Իսրայելում բողոքի ակցիաներ են անցկացրել՝ մեղադրելով վարչապետ Բենիամին Նեթանյահուին և երկրի իշխանություններին ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի և պատանդների փոխանակման շուրջ համաձայնության չհասնելու մեջ։ Ցույցերը հիմնականում խաղաղ բնույթ են կրել, սակայն ցուցարարները ճեղքել են ոստիկանների պատնեշը և արգելափակել Թել Ավիվի գլխավոր մայրուղիներից մեկը։

Առայժմ հստակ չէ, թե քանի պատանդ է մնում Գազայում։ ՀԱՄԱՍ-ը 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ սպանել էր 1200 մարդու, գերեվարել՝ 251-ին։ Նոյեմբերին հաստատված 1-շաբաթյա հրադադարի ընթացքում 105 իսրայելցի պատանդ փոխանակվել էր Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցու հետ։

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 40 700-ը։

Այս խորագրի վերջին նյութերը