Կարծիք

06.09.2024 14:36


Հանձնում են․ սա ՀՀ-ի սուվերենության աստիճանի իջեցում է

Հանձնում են․ սա ՀՀ-ի սուվերենության աստիճանի իջեցում է

ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ դիտարկում են Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կազմակերպությանը հանձնելու հնարավորությունը:

Ի՞նչ է դա նշանակում:

Դա շատ պարզ բան է նշանակում՝ ՀՀ-ն նման փաստաթուղթ ստորագրելով՝ պաշտոնապես ճանաչում է այն փաստը, որ իր տարածքում անկարող է անվտանգություն ապահովել և այդ պարտականությունը հանձնում է մասնավոր կազմակերպությանը, որն ավելի վստահելի է, քան ՀՀ անվտանգության մարմինները:

Իրականում, դա Հայաստանի սուվերենության աստիճանի իջեցում է: Եթե ՀՀ-ն ճանաչում է իր տարածքում անվտանգություն ապահովելու իր անկարողությունն, իր սուվերեն իրավունքը զիջում է ուրիշներին, ապա դա նշանակում է, որ հաջորդ քայլով դա հիմք կհանդիսանա, որ ՀՀ այդ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու հայտ ներկայացնեն այլ երկրներ՝ որպես հիմք ունենալով ՀՀ-ի կողմից իր անկարողության պաշտոնապես ճանաչումը:

Նաև լավ դիվանագիտություն վարելով՝ օրինակ, Ադրբեջանը կամ մի որևէ երրորդ երկիր կարող է հարց բարձրացնել՝ եթե Հայաստանն անկարող է իր մի հատվածում անվտանգություն ապահովել, և այդ փաստը պաշտոնապես ճանաչում է, ապա ի՞նչ երաշխիք կա, որ իր մյուս հատվածներում կարող է նման գործառույթ իրականացնել և մյուս հատվածներում նույնպես միջազգային՝ պետական կամ մասնավոր ուժերը պետք է անվտանգություն ապահովեն: Սկզբունքը հետևյալն է՝ կա՛մ կարող ես ընդհանրապես, կա՛մ անկարող ես՝ առհասարակ:

Եվ նման քայլ անում է մի կառավարություն, որը խոսում էր իր սուվերենության մասին: Սակայն, սա ընդամենը սկիզբն է, մեծ պայքար է սպասվում արտաքին խաղացողների միջև, թե ում կազմակերպությունը պետք է Հայաստանում անվտանգություն ապահովի: Սա նաև կարող է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև ռազմական գործողությունների սկիզբ հանդիսանալ, սակայն նման զարգացումը դեռ մի կողմ դնենք, դրա մասին դեռ մոտ ժամանակները կմտածենք կամ կդիտենք:

Հ.Գ. Երկար ժամանակ Վրաստանն ու Ռուսաստանը Շվեյցարիայում բանակցություններ էին վարում Աբխազիայով անցնող ճանապարհը նման եղանակով բացելու շուրջ և քննարկվում էր նման գործառույթներ ընձեռնել մի որևէ շվեյցարական մասնավոր ընկերությանը: Վրաստանը հրաժարվել է նման հնարավորությունից՝ համարելով, որ այդ դեպքում ինքը պաշտոնապես կճանաչեր Աբխազիան որպես վիճելի տարածք, այն դեպքում, երբ Աբխազիայի վրա որևէ վերահսկողություն չունի, իսկ մի քանի երկիր ճանաչել է Աբխազիայի անկախությունը:

Փաստորեն, Հայաստանը Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան Վրաստանի համար:

Մյուս օրինակը Սուեզի ջրանցքն է, որի համար եղան պատերազմներ ու բազմաթիվ զոհեր, մինչև որ Եգիպտոսը կարողացավ իր տարածքի վրա վերահսկողություն սահմանել:

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը