Քաղաքական

06.09.2024 17:15


Դատախազության պնդումները պոստմոդեռնիստական աբսուրդի ժանրից են. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Դատախազության պնդումները պոստմոդեռնիստական աբսուրդի ժանրից են. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Ցանկացած մարդու ակնկալիքն ու պայքարն արդարության համար է, կլինի իմ գործով, թե՝ ուրիշի գործով: Այս մասին, այսօր՝ սեկտեմբերի 6-ին, հերթական դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի իր գործի վճռի մասով:

«Իմ կյանքի վերջին 10-15 տարին եղել է հրապարակային և դա եղել է աշխատանք արդարության հաստատման համար, բնականաբար, իմ գործով էլ ես չեմ կարող ակնկալել կամ այլ բան մտածել: Անկախ դատավորի ցուցաբերած վարքագծից ու ընդունած որոշումներից, մինչև վերջին պահն էլ ակնկալում եմ արդար վճիռ: Ես հիմա հակառակ պնդում չեմ անելու»,-հայտարարեց Թովմասյանը:

Նա ընդգծեց՝ անկախ նրանից, թե այս ամեն ինչը ինչ հիմքով է սկսվել, ինքն ու իր պաշտպանական թիմը շարունակում են դասական առումով իրականացնել իր պաշտպանությունը. «Ինչ կընդունի, ինչ կլինի, դրանից աշխարհը շուռ չի գա, աշխարհը սրանով չի ավարտվի: Միշտ էլ ամեն ինչ ունի երկրորդ խաղակեսը, և երկրորդ խաղակեսում շատ բաներ կարող են փոխվել:

Այս արագ փոփոխվող աշխարհում էլ թող ոչ ոք չմտածի՝ կարող է ինչ-որ բան անել ու այդպես մինչև կյանքի վերջ ոչ ոք չիմանա ու ոչինչ չլինի»,-շեշտեց Թովմասյանը:

Անդրադառնալով նրան, որ դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջում իր համար, նա ասաց. «Նման պնդումը պոստմոդեռնիստական աբսուրդի ժանրից է եւ նման պնդում անողին կարելի է Նոբելյան մրցանակ տալ»:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը