Լրահոս

07.09.2024 09:18


Ինչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը. «Փաստ»

Ինչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում իր առաջին հանդիպումն է անցկացնելու՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում մրցելով Լատվիայի ընտրանու հետ: Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլասերների համար տհաճ անակնկալ է պատրաստել՝ բարձրացնելով մարզադաշտի տոմսերի գները:

Եթե նախկինում Արևել յան տրիբունայի տոմսերի գները տատանվում էին 3-ից 8 հազար դրամի սահմաններում, ապա հիմա՝ 5-ից 12 հազարի: Եթե նախկինում Արևմտյան տրիբունայի տոմսերի արժեքը 5-ից 10 հազար դրամ էր, ապա հիմա դարձել է 10-ից 16 հազար: Սա առաջացրել է բազմաթիվ ֆուտբոլասերների դժգոհությունը: Իհարկե, ֆեդերացիան մեծ «լավություն» է արել՝ նույնը թողնելով հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերի գները, սակայն հասկանալի է, որ դա, մեղմ ասած, մխիթարություն չէ իրապես մարզադաշտում ֆուտբոլ դիտել ցանկացողների համար: Նախ՝ խոսքը աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների մասին չէ, մեր մրցակիցներն էլ, ասենք, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Անգլիայի, Իսպանիայի կամ Գերմանիայի հավաքականները չեն, թեպետ նույնիսկ այդ պարագայում նման գները շատ բարձր են Հայաստանի համար:

Առավել ևս, որ ինչքան էլ բոլորս, անկախ ամեն ինչից, հավաքականի կողքին ենք, սակայն չի կարելի անտեսել, որ թիմը շատ վատ արդյունքներ է ցույց տալիս. վերջին 10 խաղում հավաքականը տոնել է միայն 1 հաղթանակ (այն էլ՝ ընկերական խաղում), երկու հանդիպում ավարտել է ոչ-ոքի արդյունքով և կրել է 7 պարտություն: Եվ փոխանակ այնպես արվի, որ մարզադաշտը միշտ լեփ-լեցուն լինի, տոմսերն են թանկացնում: Ինչ վերաբերում է հավաքականին, հատկապես այն հանգամանքին, որ մարզիչը մի քանի ֆուտբոլիստների դուրս է թողել հավաքականից, ապա դա առանձին թեմա է, որին կանդրադառնանք առաջիկա երկու խաղից հետո»:

Այս խորագրի վերջին նյութերը