Քաղաքական

09.09.2024 16:20


Եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, բայց ես չգիտեմ ինչ է ասելու. համաշխարհային պատմության մեջ նման դեպք կա՞. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, բայց ես չգիտեմ ինչ է ասելու. համաշխարհային պատմության մեջ նման դեպք կա՞. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 9-ին շարունակվել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։

Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանի պաշտպանական ճառից հետո, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ պետք է հանրային պաշտպան Զոյա Սակովան ներկայացնի պաշտպանական ճառը:

Հրայր Թովմասյանը միջնորդություն ներկայացրեց՝ 5 րոպե ընդմիջում հայտարարվի, որպեսզի կարողանա ծանոթանալ՝ ինչ է ասելու հանրային պաշտպանը, ինչին ի պատասխան դատավորն ասաց, որ ընդմիջում չի հայտարարելու: «Կարող էիք մինչև այս դատական նիստը քննարկել այդ հարցը և որոշել ճառի բովանդակությունը»,-ասաց դատավորը:

Հրայր Թովմասյանն առարկեց. «5 րոպե ընդմիջում տվեք, ես հասկանամ, թե ինչ է ասելու տիկին Սակովան: Եթե ինքն ինձ հետ չի քննարկել, իմ պաշտպանությունը ո՞նց է իրականացնելու: Հիմա կարող է ասել՝ ես իմ մեղքն ընդունում եմ: Ես նորից պնդում եմ՝ հանրային պաշտպանի մասնակցությունը դատավարությանը պարտադիր չէ, պարտադիր է պաշտպանի ներկայությունը: Ես ունեմ երկու պաշտպան, իմ պաշտպաններով իրականացնում են իմ պաշտպանությունը: Էդ նույնն է, որ ես քայլում եմ, առողջ տղամարդ եմ, բայց ինձ ձեռնափայտ տան, ինչն ինձ խանգարելու է: Հիմա ինչի՞ համար եք դուք այս ամեն ինչն անում, վախենում եք, որ մի նիստին իմ 2 պաշտպանները չեն գալո՞ւ»,- ասաց Թովմասյանը:

Ապա դատավորը սանկցիա կիրառեց Հրայր Թովմասյանի նկատմամբ: «Դատարանը Ձեր նկատմամբ կիրառում է դատավարական սանկցիա՝ նկատողության ձևով, դատարանի նկատմամբ նման արտահայտություններ անելու՝ «վախենալ» եզրույթը նշելու համար»,-ասաց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը և ավելացրեց՝ ընդմիջում չի հայտարարվում:

Հրայր Թովմասյանը հարց բարձրացրեց. «Ինչի՞ մասին է այս ամեն ինչը, ես նստում եմ, լսեմ մի պաշտպանի խոսքը, որին ես ընդհանրապես չգիտեմ, այդպիսի բան համաշխարհային պատմության մեջ կա՞: Եկել է մարդ, որ ինձ պաշտպանի բայց ես չգիտեմ, ինչու է եկել պաշտպանի: Ես ունեմ իմ պաշտպաններին, իմ մարտավարությունը կազմել եմ: Ես չգիտեմ՝ ի՞նչ է ասելու: 4.5 տարի է ինձ ասում եք՝ նստեք, շարունակենք, է նստել եմ շարունակում ենք, հիմա ի՞նչը շարունակենք: Եթե որոշել եք չընդիմջել, որոշել եք՝ ձեր որոշումը չփոխել, սա ուրիշ բան է»:

Ապա պաշտպան Արամ Օրբելյանը դատարանին միջնորդեց՝ 2-3 րոպեով դուրս գան պաշտպաններն ու Հրայր Թովմասյանը, քննարկում ունենան հանրային պաշտպանի հետ ու վերադառնան, ընդմիջում չհայտարարվի: Դատավորը առաջարկեց տեղում քննարկում անել, Հրայր Թովյասնանն արձագանքեց, որ չի ուզում ձայնագրությունների ներքո քննարկում անել, պետք է սենյակից դուրս գալ:

Ի վերջո, դատավորը համաձայնեց դրան:

Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը