Քաղաքական

10.09.2024 18:42


«Մայր Հայաստանը» փողոցների անվանակոչության նախագծեր է ներկայացրել

«Մայր Հայաստանը» փողոցների անվանակոչության նախագծեր է ներկայացրել

Սեպտեմբերի 10-ին Երևանի ավագանու հերթական նիստում «Մայր Հայաստան» խմբակցությունը որոշ փողոցներ անվանակոչելու վերաբերյալ նախագծեր էր ներկայացրել, որոնց ՔՊԿ-ն հիմնականում ձեռնպահ է քվեարկել։

Մասնավորապես՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանն առաջարկում էր Երևան քաղաքի Սիլիկյան նոր խճուղուց մինչև Տիչինայի փողոցն ընկած չանվանակոչված փողոցն անվանակոչել հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Բարսեղյանի անվամբ։ Նախագիծը չընդունվեց՝ 13 կողմ, 3 դեմ, 29 ձեռնպահ ձայներով։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանն առաջարկում էր Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Պետրոսյան փողոցին հարող չանվանակոչված փողոցը, որն ամբողջությամբ ընդգրկում է Դավթաշեն 2-րդ թաղամասը, անվանակոչել հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվամբ։ Նախագիծը չընդունվեց՝ 13 կողմ, 4 դեմ, 26 ձեռնպահ ձայներով։

Իսկ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի առաջարկով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը (սկսվում է Մամիկոնյան-Շահումյան 6-րդ փողոցի խաչմերուկից, հասնում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Փառքի ուղի՝ Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հարող տարածք), նրբանցքը (սկսվում է ներկայիս Շահումյան 6-րդ փողոցից, հասնում՝ հ.91 դպրոց) և փակուղին (գտնվում է ներկայիս Շահումյան 6-րդ և 7-րդ փողոցների միջև) կանվանակոչվի Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ։ Նախագիծն ընդունվեց՝ 24 կողմ, 1 դեմ, 18 ձեռնպահ ձայներով։

Այս խորագրի վերջին նյութերը