Քաղաքական

10.09.2024 21:22


1 մլրդ 823 մլն դրամ տրամադրել եք ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը, բայց անձրևների ժամանակ պատկերը նույնն է․ Աննա Ավետիսյան (տեսանյութ)

1 մլրդ 823 մլն դրամ տրամադրել եք ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը, բայց անձրևների ժամանակ պատկերը նույնն է․ Աննա Ավետիսյան (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ելույթն ավագանու նիստին․

Հարգելի՛ երևանցիներ,

Երևանում, ինչպես ամբողջ հանրապետությունում խնդիրները շատ են ու բազմոլորտ, անդրադառնամ մի քանիսին։

Ընդամենը մի քանի ամիս առաջ էր մեր քաղաքը անձրևից հետո վերածվել լճերի քաղաքի: Հունիսի 25-ի նիստին ջրահեռացման վերաբերյան իմ հարցադրմանն ի պատասխան ստացա, որ հեղեղատար համակարգը կատարյալ չէ, և նույնիսկ թաղամասեր կան որտեղ առհասարակ բացակայում է այն։

Մի քանի օր առաջ կրկին հայտնվեցինք նույն իրավիճակում, երբ քաղաքի երթևեկությունը կարգավորելու համար անհրաժեշտություն էր առաջացել դիմել ջրային պարեկների օգնությանը։

Անձրևների քանակը միգուցե մի քիչ շատ էր, բայց այնքան չէր որ քաղաքը պարալիզացվեր: Այս նույն հեղեղատար համակարգը եղել է նաև նախորդ տարիներին, բայց նման պատկեր մենք չենք ունեցել։ 6 տարի լինելով իշխանություն՝ փաստորեն, այս ոլորտում դուք ոչինչ չեք արել կամ էլ ասֆալտապատումն այնքան սխալ է իրականացվել, որ «լյուկ» կոչվածները խցանվել են ու ստացել ենք խայտառակ պատկեր:

Այս տարվա բյուջեով 1մլրդ 823մլն դրամ տրամադրել եք ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը, և արդեն տարվա 9-րդ ամսում ենք, բայց անձրևների ժամանակ պատկերը նույնն է։ Էդ գումարը բա ե՞րբ եք հասցնելու նպատակին:

Նկատենք, որ այս վիճակի պատճառներից մյուսը վերջին տարիներին աջ ու ձախ, առանց գլխավոր հատակագծի ու քաղաքաշինական նորմերը հաշվի առնելու տրվող շին. թույլտվությունների ահռելի քանակն է, որը միգուցե որոշ անհատների կյանքի որակը բարելավել է և մեծացրել նրանց գրպանի պարունակությունը, սակայն քաղաքի ու քաղաքացու վրա բացասական ազդեցությունն ակնհայտ է ու դեռ սրվելու է, եթե այսպես շարունակվի։

Շին. թույլտվությունների հետ կապված մեկ այլ հարց. սեփականատիրոջը կամ կառուցապատողին որ թույլտվությունը տալիս եք, հետո վերահսկել չկա՞, բազմաբանակարան շենքերի կառուցումից հետո հարակից տարածքում` սեփականության սահմանում սովետաշենի մինի աղբավայր հիշեցնող տարածքը մաքուր պահելու վերահսկողություն չկա՞: Քաղաքապետարանը հրաժարվում է տրամադրել սեփականատիրոջ կոնտակտները, բա էլ ումի՞ց պահանջենք տարածքի մաքրությունը, էս ի՞նչ գաղտնիություն է։

Մեկ այլ խնդրի մասին: Ո՞նց է ստացվում, որ տարեկան հաշվետվության մեջ մի թիվ է գրված, նույն հարցի մանրամասն հաշվետվություն ստանալու նպատակով գրության պատասխանում՝ մեկ այլ թիվ։ Ի՞նչ է նշանակում ավագանու անդամի հաշվետվության պահանջին գրության պատասխանը ներկայացնել վերջնական չոր թվով, թաքցնելու ինչ որ բան կա՞: Ես կարո՞ղ եմ մտածել, որ այդտեղ կոռուպցիա կա և քաղաքապետարանը չի ուզում բացի փակագծերը։ Հարցերս պատասխան են պահանջում, բայց նաև կարող ենք հռետորական համարաել, քանզի ամեն ինչ պարզ է:

Այս խորագրի վերջին նյութերը