Քաղաքական

11.09.2024 08:52


Այս քաղաքային իշխանություններն ունակ չեն, կոմպետենտ չեն, չեն կարողանում նորմալ կառավարել․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ)

Այս քաղաքային իշխանություններն ունակ չեն, կոմպետենտ չեն, չեն կարողանում նորմալ կառավարել․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ)

Սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօրվա ելույթս բաղկացած է երկու մասից։ Առաջինը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, իսկ երկրորդը՝ նրա աշխատանքներին: Հաճախ համապատասխան պաշտոնյաներն անհասանելի են դառնում, երբ պետք է լինում նրանցից հաշվետվություն պահանջել:

Պարոն Հովհաննիսյա՛ն, դուք նիստերից մեկում ասացիք, որ երբ անակնկալ գնում եք շին. հրապարակ, տեխ. հսկիչները տեղում են լիում: Ինչպե՞ս է ստացվում, որ երբ մենք ենք գնում, իսկ մեր խմբակցության անդամները շատ հաճախ են գետնի վրա աշխատում ու դա անում են 24/7 ռեժիմով, այդ հսկիչները տեղում չեն: Դուք համակարգում և վերահսկում եք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, մշակույթի և տուրիզմի, զարգացման և ներդրումային ծրագրերի, հանրակրթության վարչությունների աշխատանքները: Ես 25.07.2024թ․ հարցում էի կատարել ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման հետ կապված, մասնավորապես՝ Երևան քաղաքում կատարված ասֆալտբետոնյա ծածկի նորոգման և վերանորգման աշխատանքների կատարողական ակտերի և սխեմատիկ հատակագծերի վերաբերյալ: Ինձ պատասխանել են, որ համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից ներկայացված տեղեկատվության՝ 2023 և 2024 թվականներին Երևան քաղաքի վարչական շրջաններում վարչության աշխատանքային ծրագրերով իրականացված փոսալցման աշխատանքների, ինչպես նաև միջին նորոգման աշխատանքների սխեմատիկ հատակագծերի տրամադրումը ժամանակատար է և հնարավոր կլինի փոխանցել 10-օրյա ժամկետում:

Ինձ պաշտոնապես հետևյալ պատասխանն եմ ստացել, մեջբերում. <<Ինչ վերաբերում է կատարողական ակտերի տրամադրմանը, տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար: Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա չէ կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների համաձայնությունը՝ ուստի աշխատակազմը իրավասու չէ տրամադրելու կատարողական ակտերը>>:

Տեսեք՝ մրցույթի տվյալները, մասնավորապես՝ ծավալաթերթ-նախահաշիվը, հանրային ինֆորմացիա է, այսինքն՝ դա ամբողջությամբ հասանելի է բոլորին: Հետևաբար, որքան գումար է փոխանցվելու կապալառու կազմակերպությանը և տեխ. Հսկողությանը, բոլորին հայտի է, հետևաբար այդտեղ գաղտնիություն չկա: Ինչ վերաբերում է կատարողական ակտերին, ապա դա մեծ հաշվով նույն ծավալաթերթ-նախահաշիվն է, բայց արդեն կատարվա՛ծ աշխատանքների: Հետևաբար այստեղ նույնպես գաղտնիություն չի կարող լինել: Բացի այդ ես՝ որպես Երևան քաղաքի ավագանու անդամ, պետք է կատարեմ վերահսկողական աշխատանք: Տեղեկատվությունը թաքցնելով՝ դուք խոչընդոտում եք իմ ֆունկցիաները կատարելուն: Կարո՞ղ եմ ենթադրել, որ դա անում եք միտումնավոր, որպեսզի թաքցնեք Ձեր կատարած վատ և անորակ աշխատանքը: Կամ էլ՝ այլ բան:

Հաջորդը:

Պարո՛ն Բեգոյան, հիշո՞ւմ եք, որ կանաչապատման ՀՈԱԿ-ում հրեհ էր բռնկվել և ես առաջիններից էի, որ եկա տարածք: Դուք ասացիք՝ էտից առաջացած ճյուղերն են հրդեհվել և հավելեցիք, որ պարբերաբար այրում եք դրանք՝ ԱԻՆ-ի հետ համատեղ: Վերջերս իմացանք, որ Ձեզ կամ ՀՈԱԿ-ին տուգանել են վարչական իրավախախտման համար:

Կա երեք տարբերակ.

1. Կա՛մ Դուք, քաղաքապետարանի մնացած աշխատակիցները և ԱԻՆ-ը իմացել եք, որ օրենք եք խախտում, բայց շարունակել եք դա անել:
2. Կա՛մ Դուք չեք իմացել, որ օրենք եք խախտում: Եվ, փաստորեն, քաղաքապետարանում թեև աշխատում է մոտ 30.000 մարդ, բայց ոչ ոք չի իմացել դրա մասին: Չեն իմացել նաև ԱԻՆ-ի աշխատակիցները, ինչը շատ վատ է:
3. Կամ էլ՝ քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ իմացել են դրա մասին, բայց Ձեզ չեն տեղեկացրել՝ փորձելով գցել ՀՈԱԿ-ի առանց այդ էլ ցածր վարկանիշը:

Այս երեք տարբերակներն էլ ապացուցում են, որ այս քաղաքային իշխանություններն ունակ չեն, կոմպետենտ չեն, և չեն կարողանում նորմալ կառավարել:

Նշեմ նաև Կանաչապատման ՀՈԱԿ-ի հետ կապված մեկ այլ դեպք, որից պարզ են դառնում կոռուպցիոն ռիսկեր, և որքան տեղյակ եմ՝ դրանով զբաղվում է նաև Հակակոռուցիոն կոմիտեն:

Սիրելի՛ քաղաքացիներ, 2024թ․ հունվարի 18-ին հայտարարվել է մրցույթ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից, որն ունեցել է 11 չափաբաժին: Ամեն չափաբաժինն առանձին ծառատեսակ է: Մասնակցել է 4 կազմակերպություն, որոնցից 3-ն առաջարկել են շատ բարձր գներ, իսկ այդ կազմակերպություններից մեկն առաջարկել է ճիշտ այնքան գումար, ինչքան որ հրավերի գումարն է: Ավելի ճիշտ 0.5% ցածր է առաջարկել, որովհետև ավելացված արեժեքի հաշվարկի ժամանակ հստակ նույն գումարը ստանալն անհնար է:

Եթե նայենք այն կազմակերպությունների գումարներին, որոնք բարձր գին են առաջարկել, ապա պարզվում է, որ նրանք այդ գումարներն առաջարկել են ամբողջ հրավերի համար, այլ ոչ թե առանձին չափաբաժինների: Այսինքն, ընդհանուր մրցույթի գումարը եղել է 82 650 000 դրամ, իսկ այդ երեք կազմակերպություններն առաջարկել են համապասխանաբար 70 000 000, 35 500 000 և 80 000 000 դրամ՝ ամեն առանձին չափաբաժնի համար: Ստացվում է՝ նրանք սխալվել են կամ չեն հասկացել, որ 11 չափաբաժին է: Բայց ես ստուգեցի նաև այդ կազմակերպությունների այլ մրցույթների հայտերը և պարզեցի, որ նրանք մասնակցել և շահել են այլ մրցույթները, որտեղ եղել են շատ չափաբաժիններ: Հետևաբար նրանք գիտեն, թե ինչպես ճիշտ մասնակցել մրցույթներին:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ նրանց կա՛մ ստիպել են, կա՛մ համոզել են, կամ էլ խաբել են, թե իբր մեկ չափաբաժին է լինելու: Հետևությունները թողնում եմ Ձեզ, հարգելի՛ քաղաքացիներ: Ի դեպ, այդ մրցույթով գնված ծառերը շուկայականից մոտ 300% ավելի թանկ են: Օրինակ՝ 3մ բարձրությամբ արևելյան սոսիի շուկայական գինը 25 000 դրամ է, իսկ գնել են 80 000 դրամով:

Ահա այսպիսի բաներ, հարգելի՛ քաղաքացիներ:

Այս խորագրի վերջին նյութերը