Մեկնաբանություն

27.11.2011 16:38


Ովքե՞ր են դեմ Տեր–Պետրոսյանի այժմյան գծին

Ովքե՞ր են դեմ Տեր–Պետրոսյանի այժմյան գծին

Ինչպես արդեն հայտնի դարձավ, ՀԱԿ–ի ներսում հակասություններ են առաջացել ԲՀԿ–ի հետ համագործելու ճանապարհով Սերժ Սարգսյանին հեռացնելու հարցում։ Ոմանք, հավանաբար, չեն հավատում, որ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա Սարգսյանի դեմ ու դրա համար են դեմ Լևոն Տեր–Պետրոսյանի գծին, ոմանք գիտեն, որ Ծառուկյանն արդեն դե ֆակտո Սերժ Սարգսյանի հետ միևնույն թիմում չէ, բայց քանի որ Բաղրամյան 26–ի ազդեցության տակ են հայտնվել՝ այդ իսկ պատճառով էլ դեմ են ԲՀԿ–ի հետ ընդհանուր լեզու գտնելուն, իսկ ոմանք էլ՝ չեն հասկանում, թե ինչն ինչոց է։ Արդյունքում՝ Տեր–Պետրոսյանը հայտարարեց ՀԱԿ–ի ներսում կոնսենսուսի բացակայության մասին։

ԲՀԿ–ի հետ համագործակցելով Սերժ Սարգսյանին հեռացնելուն դեմ են արտահայտվում նաև կոմպլեքսավորված քաղքենիական շրջանակները, մարգինալ «մտավորականները» և իշխանական ճամբարից սնվող «սութի ընդդիմադիր» լրագրողները։ Նրանց, «վիդիտե լի», դուր չի գալիս օլիգարխի հետ համատեղ Սերժի դեմ պայքար մղելու գաղափարը։ Այդ մարդիկ, փաստորեն, կերել են իշխանության նետած այն «կուտը» (կամ ձև են անում, թե այդպես են մտածում), ըստ որի՝ պետք է իրականացնել «ցուցակ» օպերացիան, օլիգարխներին վտարել Հայաստանից ու լավ ապրել։ Այդ մարդկանց ասեմ, որ Հայաստանի խմբիշխանների՝ օլիգարխների ղեկավարը Սերժ Սարգսյանն է (Տիգրան Սարգսյանի ու փեսա Միքայել Մինասյանի հետ միասին, իհարկե), և դեմագոգիայի դրսևորում է մեր երկրի խնդիրները խոշոր բիզնեսմենների վրա բարդելու երիտսերժականների նեոբոլշևիկյան քարոզը։  Եթե մարդիկ օլիգարխների ցուցակ են ուզում, ապա խնդրեմ, ես այդ ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող դեմքերին արդեն ներկայացրեցի։

Հայաստանի խնդիրները համակարգային բնույթ ունեն և մի քանի հոգուց սեփականությունը խլելով վիճակը շտկելու իշխանական քարոզչությունը միտված է  «բոմժական» մտածողություն ունեցող մարդկանց բնազդներն օգտագործելով սեփականության վերաբաշխում իրականացնելուն։ Ընդամենը։

Ուշադրությո՛ւն դարձրեք. Սերժ Սարգսյանն ու իր թիմն իրենց ենթակա լրատվամիջոցների և շարիկշարիկովներին հիշեցնող մարդկանց շուրթերով խոսում են ոչ թե կլանաօլիգարխիկ համակարգը, այլ օլիգարխ կոչվածներին վերացնելու մասին, ինչը բացահայտում է բոլշևիկների գաղափարական հետևորդների իրական նպատակները։

Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան փորձում է թուրքմենբաշիզմի ձգտող նախագահին ներկայացնել իբրև օլիգարխիայի դեմ պայքարող հերոսամարտիկ։ Հասարակությանն, ըստ այդմ, առաջարկում են աջակցել նրան, սակայն այդ փորձերը դատապարտված են, քանզի Հայաստանը փոքր և ռեսուրսներ (նավթ, գազ) չունեցող երկիր է, բոլորը բոլորի մասին գիտեն։ Տնաբույծ Քադաֆի կամ Թուրքմենբաշի պահելու հնարավորություն և ժամանակ չկա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը