Քաղաքական

13.09.2024 09:38


Խոյ համայնքը կահույք է գնել շուկայականից թանկ գնով. ինչպես են մսխվում պետական բյուջեի հատկացումները․ «Ժողովուրդ»

Խոյ համայնքը կահույք է գնել շուկայականից թանկ գնով. ինչպես են մսխվում պետական բյուջեի հատկացումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարման ոլորտի մասնագետները և տնտեսագետները պնդում են, որ ՀՀ համար 1 կոռուպցիան գնումների գործընթացներում է տեղի ունենում։

Օրինակների համար շատ հեռու չգնանք. էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ապոկալիպսիսը թերևս վերջին մեծ և աղմկահարույց դեպքն էր կապված գնումների գործընթացի հետ։

Գնումների գործընթացներից ամենահետաքրքիրն ու ուշագրավն էլ չի վրիպել «Ժողովուրդ» օրաթերթի տեսադաշտից։

Արմավիրի մարզի Խոյ համայնքի գնումներից մեկի համաձայն՝ համայնքապետարանը ձեռք է բերել 1,4 մլն դրամ արժողությամբ խորհրդակցության սեղան, դիմադիրով գրասեղան՝ 920 հազար դրամով, գրասեղան՝ 220 հազար դրամով:

Թվերը փոքր-ինչ կասկածելի են՝ ինչպես է ոռոգման, գյուղատնտեսական, մթերման հարյուրավոր խնդիրներ ունեցող և գրեթե 33 հազար բնակչություն ունեցող համայնքը իրեն նման շռայլություն թույլ տվել։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ վերջին 2 տարիներին Արմավիրի մարզը աղքատության ցուցանիշով 2-րդ մարզն է։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մանրամասները պարզել հենց Խոյ համայնքի ղեկավար, ՔՊ-ական նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանից, թե նորմալ է արդյոք նման աշխատանքային գույքի համար այդքան գումար ծախսելը, քանի որ գրեթե ոչ մի համայնքում գրասենյակային ապրանքների, նույնիսկ գրենական պիտույքների համար այդքան չեն ծախսել։

«Ո՞րտեղ է գրված այդ թանկարժեքության չափանիշը։ Ես ոչ մի համայնքի մասին ոչինչ չեմ կարող ասել, կխնդրեմ՝ գնին զուգահեռ նայեք նաև տեխնիկական բնութագիրը, թե ինչ չափանիշների է համապատասխանել գույքը, ինչ չափի է, ինչ տեսքի է, ինչ նյութից է։

Ես կարծում եմ, որ գույքը պետք է լինի որակյալ, որպեսզի երկար ծառայի։ Ավելի լավ է մեկ անգամ որակյալ ապրանք գնել, որն ավելի երկար կծառայի, քան մի քանի անգամ գնում իրականացվի նույն անձի համար, որը ժամանակային առումով ավելի մեծ վնաս կտա համայնքի բյուջեին»,–«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արգիշտի Մեխակյանը։

Համայնքի ղեկավարը ավելի ուշ զանգահարեց և ասաց, որ գույքը ձեռք է բերվել ոչ այն գնով, որը ֆիքսել ենք, այլ ավելի էժան։ Նա նաև մեզ է ուղարկել իր ասածը հավաստող, չստորագրված և չկնիքված մի փաստաթուղթ։

Փաստաթղթի համաձայն՝ 920 հազար դրամ արժեքով դիմադիրով գրասեղանը գնվել է 690 հազար դրամով, խորհրդակցության սեղանը՝ 1,4 մլն արժողությամբ, ձեռք է բերվել 978 հազար դրամով։

Եթե համեմատենք, օրինակ, Շիրակի մարզի Մարալիկ համայնքի նույն ապրանքի գնումը Խոյ համայնքի գրասեղանների գնման հետ, ապա կնկատենք էական և ակնհայտ տարբերություն։

Օրինակ՝ Մարալիկ համայնքում 240 հազար դրամով գնվել է 12 գրասեղան, իսկ Խոյ համայնքում 1 գրասեղանն է գնվել 220 հազար դրամով։ Հարկ է նշել նաև, որ նույնիսկ Երևանի քաղաքապետարանը դիմադիրով գրասեղան ձեռք բերելու համար միլիոններ չի ծախսել, այլ ընդամենը 93 հազար 600 դրամ։

Եթե սա Նիկոլ Փաշինյանի սիրելի, պոզով-պոչով բացահայտ կոռուպցիան չէ, ապա ի՞նչ է»:

Այս խորագրի վերջին նյութերը