Կարծիք

17.09.2024 19:15


Ի՞նչ նպատակներ էին հետապնդում «Մայր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների այցերն Իրաքյան Քուրդիստան և Դոնբաս

Ի՞նչ նպատակներ էին հետապնդում «Մայր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների այցերն Իրաքյան Քուրդիստան և Դոնբաս

Ինչպես հայտնի է, երկրին «դրսում» ճանաչում են այդ երկրի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների մեսիջներով և քայլերով:

Դրանով էլ ձևավորվում է երկրի պատկերը դրսում:

Օրինակ, այսօրվա Ռուսաստանի կերպարը շաղկապված է Պուտինի կերպարի հետ:

Ուկրաինայինը՝ Զելենսկու հետ, Ադրբեջանինը՝ Ալիևի, Թուրքիայինը՝ Էրդողանի հետ և այդպես շարունակ:

Այդ լիդերներն իրենց կերպարներով փոխլրացնում են նաև իրենց երկրների կերպարները:

Իսկ երբ այդ կերպարներն ավելի շատ բացասական ազդակ են փոխանցում, ապա դա ուղղակիորեն բացասաբար է ազդում նաև երկրի վրա:

Օրինակ, Սադդամ Հուսեյնի կերպարը բացասական ազդեց Իրաքի վրա, և այդ երկիրը փլուզվեց:

Գամսախուրդիան նույնպես բացասական ազդեց իր երկրի վրա, որի արդյունքում հենց իր կառավարման ընթացքում Վրաստանը դե-ֆակտո կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան:

Սաակաշվիլին իր կերպարով սկզբնական փուլում դրական կերպար էր ստեղծել Վրաստանի համար, սակայն 2008-ից հետո, երբ նրա կերպարը փչացավ, այն ազդեց նաև իր երկրի վրա: Եվ, եթե 2012-ին իշխանափոխություն չլիներ, ապա դրանից Վրաստանը էլ ավելի կտուժեր:

Այսօր նույն Վրաստանի կերպարը ընկալվում է երկու գործիչների կերպարներով. Իվանիշվիլու և Սաակաշվիլու: Մեկ ամիս անց երկիրը պիտի վերջնական ընտրություն կատարի, թե որ ուղով պիտի զարգանա:

Հայաստանը 2018-ից հետո նոր կերպար ձեռք բերեց ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի, ով կարողացավ «ներքևից» վերցնել իշխանությունը:

Սկզբնական փուլում, թե՛ Փաշինյանը և թե՛ Հայաստանը դրական կերպարներով էին հանդես գալիս «դրսի» համար:

Սակայն 2020-ի պատերազմից հետո, երբ Հայաստանը պարտվեց, փլվեցին ոչ միայն Փաշինյանի, այլև Հայաստանի դրական կերպարները, և պարզ էր, որ երկիրը պիտի փոխեր իր ղեկավարին, որպեսզի հանդես գար նոր կերպարով: Քանզի, ինչպես նշեցինք, երկրի կերպարը սերտորեն շաղկապված է իր լիդերի կերպարի հետ:

Սակայն, ի դժբախտություն մեզ, մենք այդպես էլ չկարողացանյք լուծել այդ խնդիրը, որի արդյունքում կորցրեցինք Արցախը: Քանզի պարտված լիդերը չէր կարող երկրին չպարտված ապագա խոստանալ:

Զարմանալիորեն, սկսած 2020-ից Հայաստանը մինչ այսօր ներկայացված է մնացել պարտված լիդերի կերպարով, ինչը ոչ միայն ամոթալի է, այլև վտանգավոր՝ երկրի հետագայի համար:

Թե ինչու է այդպես ստացվել, դա առանձին խոսակցության թեմա է: Բացենք ընդամենը այս պատճառների փակագծի մի մասը. այն վերնախավը, որը գործում է «մենք ենք, մեր սարերը» հայտնի սկզբունքով, երբեք չի կարողանա դրսում ստանալ «այլնտրանքային» կերպար: Քանզի, եթե դու հանդես ես գալիս այդ սկզբունքով, ապա «դուրսն էլ» քո հանդեպ է հակադարձելու. «Դուք էլ, ձեր սարերն էլ» մոտեցմամբ:

Եվ այդ շարքում առանձնացավ «Մայր Հայաստանի» և նրա լիդերի կեցվածքը, որ փորձում են փոխել այդ գործելաոճը՝ ձգտելով դուրս գալ այս գավառական, ոչ մի տեղ չտանող ուղենիշից, հետապնդելով նպատակ՝ «դրսում» փոխել Հայաստանի կերպարը, քանի որ առանց դրա, մենք ոչ հուսալի գործնկերներ կունենանք, ոչ էլ կունենանք ապագա և, Փաշինյանի խոստովանությամբ՝ կմնանք առանց դաշնակցի:

Իսկ 21-րդ դարում մնալ այդ կարգավիճակում, երբ կողքի՝ մեզ համար մեծ և վտանգավոր երկրները ծրագերով են հանդես գալիս, կործանարար է:

Սկզբում «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելեցին ճանաչողական նպատակով Իրաքյան Քուրդիստան, իսկ այս օրերին գտնվում են Դոնբասում:

Այս երկու այցելությունների նպատակը մեկն է՝ Հայաստանին ներկայացնել նոր կերպարով, այն կերպարով, որը թույլ կտա մեզ վերականգնել մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ և ապահով ապագա ունենալ:

Մնացածի մասին ավելի մանրամասն կխոսենք հետագայում:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը