Քաղաքական

18.09.2024 10:01


ՀՀ-ն չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի զոհ, ինչպես եղավ Ուկրաինայում և Վրաստանում․ Անդրանիկ Թևանյանը՝ Լուգանսկում (լուսանկար)

ՀՀ-ն չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի զոհ, ինչպես եղավ Ուկրաինայում և Վրաստանում․ Անդրանիկ Թևանյանը՝ Լուգանսկում (լուսանկար)

Բարեկամության միջազգային ակումբը միավորել էր Համաշխարհային երիտասարդական փառատոնի մասնակիցներին: Հանդիպման հյուրը Հայաստանից ժամանած «Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակությունն էր՝ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։ Նրանք հստակ դիրքորոշում են արտահայտել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության մասին: Անդրադառնալով Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն «Մայր Հայաստան» դաշինքի այցին՝ հայտնել է Լուգանսկի տեղեկատվական կենտրոնը։

Ներկաները քննարկել են ԼԺՀ-ի և Հայաստանի երիտասարդների համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման հարցեր։ Հայկական պատվիրակությունը կիսվել է միջազգային հակամարտությունների համատեքստում հայ մշակույթի և լեզվի պահպանման իր փորձով։

«Մեր այցի նպատակն առաջին հերթին մարդասիրական է։ Մեզ հետ բերել ենք կարիքավորների համար դեղեր, արյան փոխներարկման կայան, առաջին անհրաժեշտության ապրանքներ, երեխաների համար նախատեսված քաղցրավենիք, անձնական հիգիենայի միջոցներ և գրքեր։ Երկրորդ նպատակը ճանաչողական է։ Մենք այստեղ ենք հայ համայնքի հրավերով։ Եղել ենք նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։ Ծանոթացել ենք տեղի համայնքի հետ և համոզվել, որ նրանք շատ հնարավորություններ ունեն պահպանելու հայոց լեզուն, իրենց կրոնն ու կենսաապահովումը»,-ասել է Թևանյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական խաղերի զոհ, ինչպես եղավ Ուկրաինայում և Վրաստանում։

«Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանում ուկրաինական գործընթացները կրկնվեն։ Սա՛ է հիմնական հարցը։ Բոլորս պետք է հասկանանք, որ արյունահեղության հանգեցրած գործընթացները չպետք է կրկնվեն, և մենք չպետք է դառնանք սակարկության առարկա այն ուժերի ձեռքում, որոնք ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերն ու հակասությունները Ռուսաստանի հետ»,-նշել է Թևանյանը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը համոզմունք է հայտնել, որ ԼԺՀ-ում ստեղծված են բոլոր պայմանները բոլոր ազգությունների զարգացման համար։

«Ռուսաստանը բազմազգ երկիր է։ Մենք տեսնում ենք, որ Դոնբասում, մասնավորապես՝ Լուգանսկում, պայմաններ են ստեղծվել, որպեսզի ողջ բազմազգ ժողովուրդը զարգանա, զգա իրեն այս հողի մաս»,-ասել է Սուքիասյանը։

Դպրոցականները, երիտասարդ ակտիվիստները և ԼԺՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորել են այնպիսի ակումբների ստեղծումը, որոնք նպաստում են երիտասարդական համագործակցության ամրապնդմանը Ռուսաստանի մարզերի և այլ երկրների միջև:

«Պատվիրակության հետ առաջին անգամ ենք հանդիպում։ Հիմա ակումբը սաղմնային վիճակում է, և մենք նոր ենք սկսում նախանշել մեր գործունեության ուղղությունները։ Մենք այստեղ հանդիպում ենք երիտասարդների հետ շփվելու, նախագծերով և փորձով կիսվելու, պարզելու, թե ինչպես են երիտասարդներն ապրում այլ երկրներում և գուցե գաղափարներ վերցնել ապագա համատեղ միջոցառումների համար»,-ասել է Լուգանսկի մունիցիպալ շրջանի խորհրդի փոխնախագահ Վերոնիկա Բովան:

Նա նշել է, որ Բարեկամության միջազգային ակումբում ներկայումս ընդգրկված է ԼԺՀ-ի 89 ներկայացուցիչ: Հետագայում նախատեսվում է ակումբի աշխատանքներում ներգրավել Հանրապետությունում բնակվող օտարերկրացիների, ինչպես նաև բիզնեսի և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների։

«Այս պահին արդեն ծրագրված են համատեղ ծրագրեր Բոսնիա և Հերցեգովինայի ու Սլովենիայի պատվիրակությունների հետ։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը և ներգրավել նոր երկրներ»,-հավելել է նա։

Фото: Луганский Информационный Центр
Фото: Луганский Информационный Центр

Այս խորագրի վերջին նյութերը