Քաղաքական

21.09.2024 07:44


ԱԺ-ն 5 մլն 470 հազար դրամի հուշանվերներ է գնել․ «Ժողովուրդ»

ԱԺ-ն 5 մլն 470 հազար դրամի հուշանվերներ է գնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Ազգային ժողովի գնումները, նկատեց՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության կազմակերպման համար հուշանվերների ձեռքբերման նպատակով ԱԺ-ն ծախսել է 5 մլն 470 հազար դրամ։ Գնման պայմանագրի համաձայն՝ գրեթե 5,5 մլն դրամ արժողությամբ ձեռք է բերվել կերամիկական ափսե, նվեր ափսե, հուշանվեր սալիկներ։

Կերամիկական ափսեներն արժեցել են 2 մլն 400 հազար դրամ, որի միավորի գինը 24 հազար դրամ է, եւ ձեռք է բերվել 100 հատ։

Նվեր փաթեթի մեկ հատն արժեցել է 17 հազար 700 դրամ, որը ներառել է մեղրամոմով մեղր, խոտաբույսերով թեյ եւ իմունոթեյ։ 100 նման սալիկի համար Ազգային ժողովը վճարել է 1 մլն 770 հազար դրամ։

Հուշանվերներ սալիկների մեկ հատն արժեցել է 13 հազար դրամ, գնվել է 100 հատ։ Սալիկները եղել են 4 տեսակի զարդանախշերով՝ Արծվագորգ 2 տեսակ, Թագի գորգ 2 տեսակ։

«Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանից փորձեց պարզել, թե գնումը որ պաշտոնական պատվիրակության համար է արվել, արդյոք այն եղել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցների համար, թե ոչ. եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «IPU-ի համար չի եղել գնումը: Կազմակերպչական նպատակահարմարությունից ելնելով, սովորաբար, նախապես գնում ենք տարբեր նվերներ, պահեստավորում ենք՝ հետագայում ԱԺ այցելող տարբեր պատվիրակություններին նվիրելու համար»:

Մինչեւ տարեվերջ ուշադիր կլինենք՝ հասկանալու համար՝ ինչ պատվիրակությունների է նվիրելու 300 տարբեր տեսակի հուշանվերները Ազգային ժողովի ղեկավարությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը