Աշխարհ

21.09.2024 19:12


«Քամեդի Քլաբի» փակման մասին լուրը կատակ էր

«Քամեդի Քլաբի» փակման մասին լուրը կատակ էր

Վերջին օրերին ռուսական մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ТНТ հեռուստաալիքը փակում է Արթուր Ջանիբեկյանի հանրահայտ «Քամեդի քլաբը»։ Թեման լայն քննարկման առարկա էր դարձել. Ռուսաստանում սթենդ-ափ ժանրի առաջատարի փակումը անտարբեր չէր թողել ո՛չ սոցիալական ցանցերի օգտատերերին, ո՛չ լրագրողներին, ոչ էլ նույնիսկ հասարակական և քաղաքական գործիչներին։

Անսպասելի հրապարակ եկած այս տեղեկությունը կարելի էր ֆեյք համարել, եթե չլիներ «Քամեդիի» ռեզիդենտ Գարիկ Խարլամովի բազմանշանակ գրառումը՝ ի պատասխան հարցումներին. բառացիորեն՝ «Այո, ամեն լավ բան մի օր ավարտվում է, սա էլ ավարտվեց»։

Սակայն, երեկ հաղորդման հերթական եթերը գլխիվայր շրջեց իրավիճակը ու բացահայտեց «Քամեդիի» փակման մասին լուրերի իմաստը։ Թողարկան հենց սկզբից հաղորդավար Պավել Վոլյան հայտարարեց նախորդ եթերաշրջանի փակման և «Քամեդի Քլաբի» նոր եթերաշրջանի մեկնարկի մասին։ Նա խոսքը փոխանցեց ակումբի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանին, որը շնորհակալություն հայտնեց իր բոլոր գործընկերներին 20-ամյա աշխատանքի համար ու ազդարարեց նոր եթերաշրջանի մեկնարկը (տես տեսանյութը):

Մի խոսքով, պարզվեց, որ սեփական փակման մասին լուրերը հենց «Քամեդիի» փիառ կատակն էր։ Արդյունքում բոլորը գոհ մնացին՝ և՛ հաղորդման միլիոնավոր երկրպագուները, և՛ «Քամեդին», որը տեղեկատվական դաշտում հնարամիտ հնարքի միջոցով կարողացավ հերթական անգամ սևեռել իր վրա հեռուստադիտողների ուշադրությունը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը