Քաղաքական

22.09.2024 16:15


Հայաստանում ընդդիմության պահանջը հրատապ է դարձել. Ստեփան Դանիելյան

Հայաստանում ընդդիմության պահանջը հրատապ է դարձել. Ստեփան Դանիելյան

Ամբողջ աշխարհում սկսվել է "Ոչ նախկին, ոչ ներկա" շարժումը։ Ավանդական կայուն կառավարման երկրներից մեկում, Բրիտանիայում, այդ շարժումը գլխավորում է Նաջըլ Ֆարաջն, իր Ռեֆորմների կուսակցությամբ եւ, մեծ քայլերով, անսպասելի հաջողություններ է գրանցում։ Համակարգային կուսակցությունները' Լեյբերիստները եւ Թորինը, գլորվում են անդունդ։

Գերմանիայում ոչ նախկիները, ոչ ներկաները Այլընտրանք Գերմանիայի Համար կուսակցությունն է, որը պայքարում է Գերմանիայի սուվերենության աստիճանը բարձրացնելու եւ ազգային քաղաքականություն վարելու համար։

Ֆրանսիայում նույնպես ավանդական կուսակցությունները վարկաբեկվում են ու նոր այլընտրանքի պահանջն օդում թեւածում է, որին հավակնում է Լը Պենի կուսակցությունը։

ԱՄՆ-ում նույնպես առաջացել է քաղաքական, կամ, ավելի ճիշտ, քաղաքակրթական ճգնաժամ, եւ Նորի պահանջը նույնպես հրատապ է։

Ցուցակը կարելի է շարունակել։

Այս ամենը ցույց է տալիս, որ աշխարհը փոփոխությունների անհրաժեշտության առջեւ է կանգնել, ինչ-որ լուրջ գործընթացներ են գնում, նոր աշխարհ է սկսում ծնվել, ինչպես 18-19-րդ դարերում Եվրոպայում։

Գանք մեր սարերը։ Նույնը Հայաստանում է կատարվում, գործող իշխանությունը, որը ժամանակին Ուկրաինայում ու Վրաստանում կատարված մայդանների արդյունքում ձեւավորված իշխանությունների ժամանակավրեպ կլոնն է, գաղափարապես տապալված է, իսկ նրա այսօրվա համակարգային ընդդիմությունը մինչ այդ էր տապալված ու սպառված։

Հայաստանում հակահամակարգային, բայց, ապառաժների խորքերից լսվող պատմության դղրդոցների ձայնն ընկալող ու գիտակցող նոր քաղաքական նախագծի պահանջը հրատապ է դարձել։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը