Մեկնաբանություն

28.11.2011 18:08


Однако - партия, Серж Азатович!

Однако - партия, Серж Азатович!
Մարդկայնորեն կարելի է հասկանալ այն ցայտնոտային ու խուճապային տրամադրությունների պատճառները, որոնք առկա են Սերժ Սարգսյանի ու նրա երիտշրջապատի մոտ՝ կապված Լևոն Տեր–Պետրոսյանի մարտավարության կտրուկ փոփոխության և իրենց համար ոչ բարենպաստ քաղաքական գործընթացների հետ։

Մինչև այժմ Սերժ Սարգսյանը, ոչ առանց ՀԱԿ առաջնորդի ցանկության ու աջակցության, կարողանում էր պահել իր աթոռը և հարվածներ հասցնել «թիմակիցներին» (մասնավորապես ԲՀԿ–ին)՝ անուղղակիորեն օգտագործելով «փողոցը»։ ՀԱԿ–ի աջակցությամբ էր, որ Սարգսյանը կարողացավ ստանալ Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը կոալիցիոն հուշագրի վրա։ ՀԱԿ–ի աջակցությամբ էր, որ Սարգսյանը կարողացավ այս տարվա փետրվար–մարտ ամիսներին խուսափել «մուբարաքացումից» ու «թունիսացումից»։

Տեր–Պետրոսյանը կատարում էր «էջմիածնական միաբանների» դերը՝ ակնկալելով որոշակի գործընկերային հարաբերություններ և «երկխոսության» միջոցով քաղաքական դաշտի վերաձևվում։ Սակայն ՀՀԿ «ճկուն» ղեկավարն այնքան ագահ գտնվեց, որ ՀԱԿ–ի ձեռքերով ԲՀԿ–ի դեմ պայքարելուց և թուղթ պոկելուց հետո պարզապես «քցեց» ՀԱԿ առաջնորդին ու շուրջօրյա հանրահավաքների ժամանակ չցանկացավ անգամ զուգարանները բացել։

Սարգսյանին թվում էր, թե ինքն արդեն բոլորին ոչնչացրել է, ու կանխավայելում էր ապագայում սուլթանի վերածվելու հաճույքը, սակայն սխալվեց։ Սխալվեց, քանզի պետության ու հասարակության դեմ արվող ցակացած քայլ ի վերջո պատժվում է, ու արդեն կապ չունի, թե ինչպես։

ԲՀԿ–ն շատ արագ վերադիրքավորվեց ու հաղթահարեց կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո առաջացած շոկը, իսկ Տեր–Պետրոսյանն էլ վերջապես հասկանալով, որ Սարգսյանը բառիս բուն իմաստով է ուզում «մեկ օլիգարխ» դառնալ ու գործընկերային հարաբերությունները պատկերացնում է բացառապես «դհոլացման» կամ հաճախորդացման տարբերակով՝ գնաց այն քայլին, որին ականատես եղանք վերջին հանրահավաքների ժամանակ։

Տեր–Պետրոսյանի այժմյան դիրքորոշումը նաև պայմանավորված է այն բանով, որ նա ճիշտ գնահատելով քաղաքական զարգացումների ուղղությունը՝ շտապեց առաջ քաշել «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսը նախ՝ Սարգսյանից վրեժխնդիր լինելու նպատակով, ապա, իր խոսքերով, քաղաքական գործընթացներից հետ չմնալու մտահոգությամբ։

Այո՛, Տեր–Պետրոսյանը շատ ճիշտ է գնահատել իրավիճակը. իմաստ չունի այլևս «երկխոսել» մեկի հետ, ով խորտակվող նավակում է։ Իմաստ ունի երկխոսել մեկի հետ, ով գնալով հզորանում է, և, ինչպես ցույց տվեցին իջևանյան ընտրությունները, ով Սերժ Սարգսյանին հեռացնելու լրջագույն ռեսուրս ունի։

Այս ամենը շատ լավ հասկանում են նաև Բաղրամյան 26–ում, ու դրա համար էլ իրար են խառնվել։ Երիտսերժականներին այլ բան չի մնում, քան «ազատ, բայց սերժատուների» միջոցով տարածել, որ Տեր–Պետրոսյանը շարունակում է ծառայել «Եղիազար Այնթապցուն», ու վերջինիս ուզածով էր Գագիկ Ծառուկյանին ծանր ընտրության առաջ կանգնեցնելը։

«Սերժատուները» գրում են նաև, թե իբր ԲՀԿ առաջնորդի հարցերը լուծված են՝ փորձելով հասկացնել Տեր–Պետրոսյանին, որ նա հետ կանգնի իր քաղաքական ներկա գծից, սակայն գնացքն արդեն գնացել է։

Եթե չեմ սխալվում՝ 2008–ի նախագահական ընտրություններից հետո միշիկական լրատվամիջոցները մոտ 50 անգամ «վերլուծություններ» են ներկայացրել այն մասին, որ Սերժ Սարգսյանը վերջնականապես կապիտուլյացիայի է ենթարկել Գագիկ Ծառուկյանին։ Բայց որքան շատ են գրում նրանք այդ մասին, այնքան ավելի հզորանում է ԲՀԿ–ն։ Պատկերացնել կարելի է, թե ինչ է սպասվում համապետական ընտրությունների արդյունքում, եթե «սերժատուները», ավելի ճիշտ՝ նրանց պատվիրատուները շարունակեն ցանկությունն իրականության տեղ հրամցնել։ Իսկ իրականությունը ճիշտ հակառակի մասին է վկայում։

Մի փոքր վերափոխելով հայտնի ֆիլմում հնչեցված խոսքերը՝ կարող ենք ասել.  «Однако - партия, Серж Азатович!»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը