Լրահոս

27.09.2024 07:00


Ադրբեջանը կարող է մասնատվել, իրենց Թուրքիայի օգնությունն է անհրաժեշտ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Ադրբեջանը կարող է մասնատվել, իրենց Թուրքիայի օգնությունն է անհրաժեշտ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը ե՛ւ համընկնում են, ե՛ւ ունեն ստրատեգիական հակասություններ, կան խնդիրներ եւ դրանք նաեւ կոմունիկացիաների հետ են կապված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ զարգացումների մասին:

«Տեսեք, Իրանի նախագահի եւ Իրանի պատվիրակության ելույթները ՄԱԿ-ում, հարցարզրույցները եւ կտեսնեք, որ խնդիրն ավելի բարդ ու լուրջ է: Ռուսաստանը այս պահին խուսափում է իրավիճակի որեւէ լարումից, սակայն այստեղ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Իրանի շահերը հակասում են, որովհետեւ Թուրքիան ուզում է մուտք գործել Հարավային Կովկաս, հետո Կենտրոնական Ասիա, Իրանն իր անվտանգությունը ապահովելու համար պետք է դա թույլ չտա, իսկ Ռուսաստանը փորձում է հա՛մ Իրանի, հա՛մ Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնել, եւ սրանք ինչ-որ մակույկային հայտարարություններ են, բայց գլոբալ առումով աշխարհում մեծ կոնֆլիկտներ կլինեն մոտակա տարիներին, շատ լուրջ կոնֆլիկտներ, իմ կարծիքով, եւ աշխարհը երկար տարիներ դեռեւս նման ցնցումների մեջ կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ կոնֆլիկտները հնարավոր են նաեւ մեր տարածաշրջանում, Մերձավոր Արեւելքում եւ այլն:

Անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթին, քաղաքագետն ասաց, որ այն ծիծաղելի էր. «Դա ծաղրածուի ելույթ էր, ոչ մի բան քեզանից չներկայացնելով՝ դու աշխարհին կոչով ես հանդես գալիս, իրականում դա պարտված երկրի ղեկավարի ելույթ էր, որն ընդունում էր իր պարտությունը միայն խաղաղություն մուրալու համար, որ Հայաստանին չշարունակեն ավելի վատ բաներ անել: Նա պարտված մարդ էր, որն ասում էր, ես պարտվել եմ, խնդրում եմ ինձ խնայեք, ես մեղք եմ, եւ Ադրբեջանի նախագահի ելույթը, որն ասում էր՝ ես հաղթող եմ, ամեն ինչ լինելու է իմ պայմաններով»,-ասաց նա:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, քաղաքագետը նշեց, որ կան կետեր, որոնք վերաբերում են ՀՀ-ին եւ Ադրբեջանին եւ կան կետեր, որոնք աշխարհաքաղաքական նշանակություն ունեն. «Ուրեմն այն կետերը, որոնք վերաբերում են ՀՀ-ին եւ Ադրբեջանին, Հայաստանն ասում է՝ ես պատրաստ եմ ստորագրելու, այնտեղ գրված է Ալմաթայի սկբունքներով, հետո ուրիշ սկզբունքներով: Աշխարհին չի հետաքրքրում, թե քանի գյուղ էս կողմ կլինի, կամ էն կողմ կլինի, հիմա եթե Հայաստանը պատրաստ է իր տարածքներից ինչ-որ մասեր զիջել, դա արդեն Հայաստանի որոշումն է: Այլ հարց, երբ հարցը վերաբերում է Սյունիքին, դա արդեն խնդիրներ են, որը վերաբերում են Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային, ԱՄՆ-ին։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այն կետերը, որտեղ ես ձեզ ամեն ինչ տալու եմ, դա մենակ մեզ է վերաբերում, դա կարող ենք ստորագրել, իսկ այն մասով ես ի վիճակի չեմ ստորագրել, որովհետեւ դա պատերազմի բուն է»,-ասաց նա:

Քաղաքետը նշում է, որ Ադրբեջանին գլխավորապես հետաքրքրում է Սյունիքը ռազմական հաղորդակցության ժամանակ. «Ադրբեջանում հասկանում են, որ գալու է մի պահ, հնարավոր է, Ադրբեջանը Իրանի եւ Ռուսաստանի միջեւ 3 մասի բաժանվի եւ իրենց համար, այո՛, պետք է Թուրքիայի օգնությունը, նաեւ ՆԱՏՕ-ի, վախենում է մասնատումից եւ հիմա պահն է օգտագործել, եւ իրենց Սյունիքի միջանցքն է հետաքրքիր»:

Այս խորագրի վերջին նյութերը