Աշխարհ

27.09.2024 13:52


Վրաստանը մտադիր է վերանայել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը

Վրաստանը մտադիր է վերանայել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը

Վրաստանը կվերանայի ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը Թբիլիսիի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք ասում ենք, որ հարաբերությունները (Վրաստանի և ԱՄՆ-ի) այսպես չպետք է շարունակվեն: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք վերանայել գոյություն ունեցող ստատուս քվոն: Սա մեր հստակ դիրքորոշումն է: Ամեն բան կախված է ամերիկյան կողմից»,-Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Վաշինգտոնի և Թբիլիսիի հարաբերություններն սկսել են զգալիորեն վատթարանալ այն բանից հետո, երբ մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն, ըստ ԱՄՆ-ի և Արևմուտքի, ռուսական է։ Օրենքի ընդունման դեմ Վրաստանում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անորոշ ժամանակով հետաձգել է այս ամառ պլանավորված վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» զորավարժությունները՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։

Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի չորս քաղաքացիների, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության պաշտոնյաների նկատմամբ, որոնք ենթադրաբար մասնակից են մարդու իրավունքների խախտմանը։ Բացի այդ, ԱՄՆ-ն այցագրային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների նկատմամբ, որոնց թվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, ձեռնարկատերեր, իրավապահ մարմինների աշխատակիցներ և օրենսդիրներ։

Այս խորագրի վերջին նյութերը