Տնտեսական

01.10.2024 09:32


877 հազար դոլար` «Երևան կլասիկ ֆեստ»-ին. Երևանի կանաչապատման վրա ավելի քիչ գումար է ծախսվել, քան փառատոնի վրա. «Ժողովուրդ»

877 հազար դոլար` «Երևան կլասիկ ֆեստ»-ին. Երևանի կանաչապատման վրա ավելի քիչ գումար է ծախսվել, քան փառատոնի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանի քաղաքապետարանը միջոցառման համար ավելի շատ գումար է ծախսել, քան Երևանում նոր ծառերի տեղադրման համար։

Սեպտեմբերի 17-24-ը բացօթյա ձևաչափով Թումանյանի անվան այգում կայացավ «Երևան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել աշխարհի լավագույն և ճանաչված նվագախմբերը: Հայաստանյան երաժշտախմբերի հետ նույն հարթակում հանդես եկան Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը և երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը:

Ելույթների այս շքերթը, որով ներկայանում էր Yerevan Classic Fest միջոցառումը, Երևան քաղաքի բյուջեի համար արժեցավ 339 մլն 986 հազար դրամ՝ գրեթե 877 հազար ԱՄՆ դոլար։

Տվյալները «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է պաշտոնական աղբյուրներից: Համեմատության համար նշենք, որ գարնանը տնկված նոր ծառերի՝ Սակուրայի, Սոսիի, Թխկիի, Թեղիի, Կատալպայի, Սաֆորայի, Ալբիցիայի, Ձիակասկի, Հուդայածառի, Կեյլեթերիայի համար նախատեսվել էր, 148 մլն դրամ՝ գրեթե 382.000 դոլար։ Ստացվում է, որ Երևանի բյուջեի համար քաղաքի ծառերը կտրելը, էտելը և նորը տեղադրելն ավելի էժան գործողություններ են, քան մի քանի օր համերգ կազմակերպելը։

Եվ այստեղ է, որ Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի աշխատանքն իր «հմայքով» առաջ է գալիս. կանաչապատումը պակաս կարևոր է քաղաքում, քան երգ-երաժշտության աներևույթ ելևէջները»:

Այս խորագրի վերջին նյութերը