Աշխարհ

01.10.2024 15:38


Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունները․ Հայաստանը չի մասնակցում

Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունները․ Հայաստանը չի մասնակցում

Ղազախստանում սկսվել է «Անխորտակելի եղբայրություն-2024» խաղաղապահ ուժերի զորավարժությունների ակտիվ փուլը՝ Ալմաթիի մարզի «Բերեգ» ուսումնական զորավարժարանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Հոկտեմբերի 1-5-ը կմշակվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերը։

Հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորակազմերը։

«Իրադրությունն աշխարհում շարունակում է մնալ անհանգիստ, և մենք պետք է պատրաստ լինենք տարբեր մարտահրավերների և սպառնալիքների, որոնք հրատապ են ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ համաշխարհային հանրության համար»,-զորավարժությունների ակտիվ փուլի բացման արարողության ժամանակ ընդգծել է Ղազախստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սուլթան Կամալետդինովը:

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ Հասան Կալոևը նշել է, որ զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ բացի ՀԱՊԿ-ի զորակազմերից, համատեղ գործողություններին ներգրավվում են ներքին գործերի մարմինների, ոստիկանության, ներքին զորքերի և ազգային գվարդիայի զորքերի, անվտանգության մարմինների և այն մարմինների ստորաբաժանումները, որոնք լիազորված են արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման և վերացման ոլորտում։

Զորավարժությունների ընթացքում կիրականացվի ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման և մարդասիրական օգնության տրամադրման խաղաղապահ գործողություն։ Զորավարժություններին ներգրավված են ավելի քան 2 000 զինծառայողներ, 500 միավոր զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա, Մի-17, Մի-35 ուղղաթիռներ, Իլ-76 և Սի-295 ինքնաթիռներ, անօդաչու ավիացիա:

Այս խորագրի վերջին նյութերը