Լրահոս

01.10.2024 17:38


Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը

78 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է 360.ru Telegram ալիքը`վկայակոչելով երգիչ Լև Լեշչենկոյին։

«Արտիստը մահացել է այսօր առավոտյան Մոսկվայի կլինիկաներից մեկում, ուր մի քանի օր առաջ տեղափոխվել էր ինսուլտով»,-ասվում է հրապարակման մեջ։

Իր հերթին «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հիշեցնում է, որ անցած շաբաթ ԶԼՄ-ները գրել էին, որ Դոբրինինը ծանր վիճակում հոսպիտալացվել է Մոսկվայում՝ կաթվածի կասկածանքով։

Դոբրինինը երաժշտի կարիերան սկսել է 1970 թվականին՝ դառնալով Օլեգ Լունդստրեմի նվագախմբի կիթառահար, ապա ելույթ է ունեցել «Լադա», «Բրեմենյան երաժիշտներ» անսամբլների հետ, որոշ ժամանակ եղել է «Սամոցվետի» վոկալ-գործիքային խմբի անդամ։ 1970-ականների սկզբին նա մի քանի երգ է գրել Ալլա Պուգաչովայի համար։

Դոբրինինի պաշտոնական դեբյուտը որպես կոմպոզիտոր տեղի է ունեցել 1974 թվականին, երբ «Մելոդիա» ընկերությունը թողարկեց ճկուն գրամոֆոնային սկավառակ նրա «Ես սիրում եմ քեզ» երգով՝ Լև Լեշչենկոյի կատարմամբ: Ավելի ուշ բանաստեղծ Լեոնիդ Դերբենյովի հետ համագործակցելով՝ նա ստեղծել է ավելի քան 100 երգ:

1970-ականների կեսերից Դոբրինինը դարձել է ԽՍՀՄ-ի ժողովրդականություն վայելող կոմպոզիտորներից մեկը։ Ընդհանուր առմամբ, նա գրել է մոտ հազար երգ։

Դոբրինինը բազմիցս արժանացել է «Օվացիա», «Ոսկե գրամոֆոն», «Տարվա երգ» և այլ մրցանակների։ 1996 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում:

Այս խորագրի վերջին նյութերը