Լրահոս

10.10.2024 16:02


ԱԱԾ-ն մտել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց. ուսուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ԱԱԾ-ն մտել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց. ուսուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Տեղեկությունը հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե»,–նշել է նա։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է, որ դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (անառակաբարո արարք կատարելը, որը կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն)։

«Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը և իրականացվել է»,–գրել է Աբրահամյանը։

Նա նշել է նաև, որ այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։

Ֆեյսբուքի օգտատերեր Մարինա Ադուլյան–Անդրյանը գրառում է արել` նշելով, որ ԱԱԾ–ն մտել է այն դասարան, որտեղ սովորում է իր երեխան։

«Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ–ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրթել, մազերից քաշել և այլն։ Այդ ամենը` երեխաների աչքի առաջ»,–գրել է նա։

Կինը նշել է, որ 2 ժամ է` չեն կարողանում հանգստացնել երեխաներին։

Այս խորագրի վերջին նյութերը