Աշխարհ

10.10.2024 21:31


ՑԱԽԱԼ-ը նպատակաուղղված գնդակոծել է Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի ուժերին

ՑԱԽԱԼ-ը նպատակաուղղված գնդակոծել է Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի ուժերին

Իսրայելցի զինվորականները դիտավորյալ գնդակոծել են Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների կենտրոնակայանի (UNIFIL) Ռաս-էն-Նակուրա հրվանդանի տարածքում գտնվող օբյեկտը: Այս մասին հայտնում են UNIFIL-ի ներկայացուցիչները X-ում հրապարակված հայտարարության մեջ:

Կազմակերպության տվյալներով՝ դիտաշտարակին հարված է հասցվել «Merkava» տանկից, ինչի հետևանքով տուժել են երկու խաղաղապահներ: Նրանք աննշան վնասվածքներ են ստացել, սակայն հոսպիտալացվել են։

Բացի այդ, իսրայելական ուժերը հարձակվել են բունկերի վրա, որտեղ պատսպարվել էին խաղաղապահները։ Գնդակոծությունից վնասվել է թաքստոցի մուտքը, ինչպես նաև մեքենաներն ու կապի համակարգերը։ ՄԱԿ-ի զինծառայողները օբյեկտի վրա իսրայելական անօդաչու թռչող սարք են նկատել։ Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը շարքից հանել էր նաև ՄԱԿ-ի օբյեկտներից մեկում տեղադրված տեսախցիկները, իսկ մյուսում՝ խախտել կապի միջոցների աշխատանքը:

Խաղաղապահներն իսրայելական ուժերին և հակամարտող մյուս կողմերին կոչ են արել երաշխավորել ՄԱԿ-ի աշխատակիցների և նրանց ունեցվածքի անվտանգությունը: Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը նշել են, որ խաղաղապահների վրա կանխամտածված հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի լուրջ խախտում են:

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հզբոլլահի» կազմավորումների դեմ՝ ավիահարվածներ հասցնելով շարժման լիբանանյան օբյեկտներին: Հոկտեմբերի 1-ի գիշերը իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավային սահմանամերձ շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին:

Իսրայելի և լիբանանյան «Հզբոլլահ» շարժման միջև հակամարտության սրումը հանգեցրել է մոտ մեկ միլիոն մարդու տեղահանման:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը