Լրահոս

11.10.2024 14:35


Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ուսուցիչը կալանավորվել է․ ՔԿ

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ուսուցիչը կալանավորվել է․ ՔԿ

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ուսուցիչը կալանավորվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, ուսուցիչներից մեկին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Դեպքը բուռն քննարկման թեմա է դարձել, քանի որ դպրոցի աշխատակցին ՔԿ են տեղափոխել դասի ժամանակ, ծնողների խոսքով` գետնին տապալելով, մազերից քաշելով։

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (անառակաբարո արարք կատարելը, որը կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն)։

Հավելենք, որ կատարվածի վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն էր տարածել, նշելով որ մտահոգիչ է համարում դպրոցում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը: ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է ԱԱԾ՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը