Քաղաքական

12.10.2024 15:50


Դիտահորի ցցված կափարիչի համար «դարակազմիկ» լուծում են գտել. անտերության մատնված Երևան (տեսանյութ)

Դիտահորի ցցված կափարիչի համար «դարակազմիկ» լուծում են գտել. անտերության մատնված Երևան (տեսանյութ)

3 օր առաջ բարձրաձայնել էի Ավան վարչական շրջանի Թամրուչի փողոցում գտնվող դիտահորի ցցված կափարիչի մասին՝ ահազանգելով, որ այն խիստ վտանգավոր վթարային իրավիճակ է ստեղծում վարորդների համար։ Օրեր անց, սակայն, ասեք-կանենքները խնդիրն այդպես էլ չեն լուծել։ Այժմ դիտահորի կափարիչի վրա մի մեծ քար է դրված, որպեսզի, թերևս, այն նորից չցցվի։ Եթե քաղաքային իշխանությունն է խնդրին այսպիսի «դարակազմիկ» լուծում տվել, ապա սա խայտառակություն է և բացարձակ անգործություն։ Իսկ եթե քաղաքացիներն են ձեռքի տակ եղած միջոցներով փորձել փակել կափարիչը, ապա դա նույնպես քաղաքային իշխանության բացարձակ անգործության հետևանք է։

Այսպես է լինում, երբ քաղաքն անտերության է մատնվում։ Նորից հիշեցնեմ, որ Թամրուչի փողոցը մի քանի օր առաջ էր ամբողջությամբ ասֆալտապատվել։ Ի դեպ, սա այս փողոցում միակ խնդիրը չէ։ Նոր ասֆալտն անելուն զուգահեռ եզրաքարերն այդպես էլ չեն փոխել․ քայքայված, ջարդուխուրդ եղած վիճակում են, շատ տեղերում դրանք նույնիսկ բացակայում են։ Եվ սա այն դեպքում, երբ 2024թ․ բյուջեով եզրաքարերի վերանորոգման համար նախատեսվել է 176 միլիոն դրամ։ Փաստորեն, գումարը դուրս է գրվել, բայց եզրաքարերը գոյություն չունեն։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը