Կարծիք

12.10.2024 16:44


Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ

Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին ԵՄ-ին կողմից ընդունվեց բանաձև Վրաստանի վերաբերյալ , որտեղ նշված էր, որ «...ներկայիս «ժողովրդավարությունից նահանջը» Վրաստանում դադարեցնում է երկրի ինտեգրումը Եվրամիությանը...», և պահանջվում է «...սառեցնել Թբիլիսիին տրամադրվող եվրոպական ֆինանսավորումը...»:

ԵՄ-ի բանաձևում նշված էր, որ «...Թեև Վրաստանը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստացավ 2023 թվականի դեկտեմբերին, «իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը, ինչպես սպասվում է, կհաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, առաջ է քաշում ավելի ու ավելի ավտորիտար օրակարգ...»։

Փաստացի ԵՄ-ում էլ են հասկացել, որ գալիք ընտրություններում հաղթելու է Իվանիշվիլու թիմը, բայց դա դուր չի գալիս եվրոպացիներին և նրանք պահանջում են այդ թիմից կատարել մի շարք պահանջներ:

Այդ պայմանները հետևյալն են.

Առաջին

Վրաստանը պետք է միանա ԵՄ անդամ մյուս երկրներին և պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ

Երկրորդ

Վրաստանի խորհրդարանը պիտի վերանայի «օտարերկրյա գործակալների» և ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքները

Երրորդ

Պիտի ազատ արձակվի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

ԵՄ-ն նաև կոչ է անում անհատական պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլու դեմ:

Իսկ ամենազարմանալին այն է, որ ԵՄ-ն խոստովանելով, որ Իվանիշվիլու թիմը կկարողանա պահպանելիշխանությունը ընտրություններից հետո, այնուամենայնիվ կոչով դիմում է նույն Վրաստանի իշխանությանը՝ «...ապահովելու իշխանության խաղաղ փոխանցում...»:

Եթե նման բանաձև ընդուներ, ասենք ստալինյան ԽՍՀՄ-ը, ապա զարմանալի չէր լինի:

Բայց նման բանաձևի ընդունումը ԵՄ-ի կողմից, ցույց է տալիս, թե ինչ աստիճանի են այլասերված այսօր դեմոկրատական արժեքները արևմտյան երկրներում:

ԵՄ-ի և ԱՄՆ-ի նման մոտեցումները էլ ավելի են խրտնեցնում իրական դեմոկրատական արժեքներով ապրող մարդկանց:

Հասկանալի է, որ Վրաստանի իշխանությունները մերժելու էին ԵՄ-ի այդ բանաձևի որոշումների կատարումը: Կրկնակի վիրավորական է վրաց հասարակության համար Սաակաշվիլու ազատման պահանջը, երբ բոլորը գիտեն, թե ինչ իսկական ավտորիտար ռեժիմ էր հաստատված Վրաստանում իր կառավարման ժամանակ:

Նույն ԵՄ-ի տվյալներով Սաակաշվիլու կառավարման ընթացքում բանտերով անցել էր ավելի քան 250 հազար մարդ: Ավելին, ժամանակին նույն ԵՄ-ն ամենախիստ ձևով քննադատում էր Սաակաշվիլու ռեժիմի հանցագործությունները:

Եվ այսօր, աշխարաքաղաքական իրավիճակի փոփոխման պատճառով, այդ նույն ԵՄ-ն պահանջում է ազատ արձակել Սաակաշվիլուն:

Մի՞թե սա այն այլասերման դասական օրինակներից չէ, որ ցույց է տալիս Արևմուտքը:

Սա նաև փաստում է այն մասին, որ այդ նույն Արևմուտքը իրականում ռասիստական մոտեցումներով է հանդես գալիս այն երկրների և տարածաշրջանների հանդեպ, որոնք ԵՄ տարածքից դուրս են:

Այսինքն, Արևմուտքը համարում է, որ արևմտյան արժեքները կարող են գործել բացառապես իրենց երկրներում, իսկ մնացածում պիտի «մանրադրամի» դեր կատարեն իրենց՝ «սպիտակների», շահերի սպասարկման համար:

Այս մոտեցումը կարող է առաջացնել ողջ Աշխարում խիստ բացասական տրամադրություններ Արևմուտքի նկատմամբ և արդյունքում դրանից չի շահի ոչ ոք:

Վրաստանի հանդեպ այս երկդիմի մոտեցումը, յուրօրինակ «լակմուսի թղթի» դեր է կատարում, որը ցույց է տալիս Արևմուտքի իրական ով լինելը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը