Լրահոս

14.10.2024 09:33


Պետրակովը հեռացվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Պետրակովը հեռացվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունը կապում է վարպետության պակասի հետ:

«Մեզ չբավարարեց այն, որ վարպետության պակաս կար: Ես հանդերձարանում շնորհակալություն եմ հայտնել ֆուտբոլիստներին խաղի համար: Հայ ֆուտբոլիստներն աճ են գրանցել: Հիմա առավել ագրեսիվ են գործում: Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Բոլոր ֆուտբոլիստներն իրենց ներուժով գործեցին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր Պետրակովը:

Նրա խոսքով` Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին առավել համբերատար մոտեցում է պետք զգալի արդյունք գրանցելու համար:

Անդրադառնալով հավաքականում հետագա աշխատանքին` Պետրակովն ընդգծել էր, որ որոշումը կայացնում է ՀՖՖ նախագահը և գործկոմը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը, հոկտեմբերի 13-ին Երևանում ընդունելով Հյուսիսային Մակեդոնիային, զիջեց 0:2 հաշվով:

Պետրակովը Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչն էր 2023-ի հունվարի 14-ից։

Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։ Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։ Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։

Այս խորագրի վերջին նյութերը