Քաղաքական

15.10.2024 09:18


Քաղաքացին տուգանքի մատերյալ չէ . Փաշինյանը խաբել է․ «Ժողովուրդ»

Քաղաքացին տուգանքի մատերյալ չէ . Փաշինյանը խաբել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2018 թվականի մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է ժամ առաջ վերջ դնել: Նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց տուգանելը, այլ նրանց զգոնությունը բարձրացնելը, համագործակցության եւ փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը: Իսկ այն դեպքերում, երբ, այնուամենայնիվ, բանը հասնելու է տուգանքին ու տուգանելուն, այն ոչ միայն իրենց չափով, այլեւ իրենց հաճախությամբ պետք է համապատասխանեն Հայաստանում հաստատված ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակին եւ ընդհանրապես տրամաբանությանը»:

Սակայն իրականում՝ սկսած 2020 թվականից, երբ երկրում սահմանվեց սահմանափակումներ՝ պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, Հայաստանի կառավարությունը բազմաթիվ տուգանքներ սահմանեց քաղաքացիների նկատմամբ, այն շարունակվեց եւ ավելացվեց անգամ պատերազմի ժամանակ՝ տեղեկատվության սահմանափակման վերաբերյալ տուգանքներով, որից հետո, արդեն բազմաթիվ նոր տուգանքներ ի հայտ եկան։ Ընդ որում, շեշտենք, որ տուգանքի յուրահատուկ ձեւ են նաեւ հարկերն ու տուրքերը, որոնք ավելացել են, նոր տեսակներ են ի հայտ եկել, որոնք չվճարելու դեպքում դարձյալ տուգանքներ են սահմանված։ Բերենք մի քանի օրինակ․

  1. Շինթույլտվության տուրքերը թանկացել են 10 անգամ:
  2. Այսուհետ հարկվում է բնակարանի վաձակալությունը՝ 10 տոկոսով:
  3. Փողոցային երաժիշտները այսուհետ պետք է մինչեւ երեկոյան ժամը 9-ը նվագեն բնակելի եւ հասարակական շենքերից առնվազն 10 մետր հեռավորության վրա, իսկ 21:00-ից հետո՝ 100 մետր հեռավորության վրա։ Կարգը խախտելու համար սահմանվել է մինչեւ 800 հազար դրամ տուգանք։
  4. Ծխելու դեմ պայքարի շրջանակներում բազմաթիվ վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ են սահմանված:
  5. Տուգանք է սահմանված հանրային սննդի վայրերում, ռեստորաններում աղաման դնելու համար, եթե այն հաճախորդը չի պահանջել։
  6. Անշարժ գույքի հարկի դրույքաչափերը բարձրցվել են։ Այժմ այն հաշվարկվում է ոչ թե անշարժ գույքի կադաստրային, այլ շուկայական արժեքի հիման վրա: Գույքահարկ է վճարում անգամ վթարային շենքի բնակիչը։
  7. Երեւանի քաղաքապետարանը որոշմամբ Երեւանի կենտրոնում կարմիր գծերի 12 հազար դրամ տարեկանվճարը դարձել է 160 հազար դրամ։

Նշվում է թե խնդիրը կենտրոնում մեքենաների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելն է եղել, սակայն այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու է մյուս վարչական շրջաններում նույնպես վճար մտցվում։

  1. Կրկնակի տուգանքի համակարգ է ներդրվել․ եթե նախկինում վարորդները տուգանվում էին երթեւեկության խախտումների համար, այժմ եւ՛ տուգանվում են, եւ՛ զրկվում են բալերից:
  2. Երեւանում փողոցային առեւտրի համար սահմանված է տուգանք՝ գույքի խլումով:
  3. Ոստիկանությունը բջջային հավելված է թողարկել՝ քաղաքացիներին կոչ անելով նկարել իրենց հանդիպած դեպքերը, որոնք կհամարեն խախտում եւ ուղարկել ոստիկանությանը՝ տուգանելու համար:
  4. Ընդհանուր օգտագործման ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար տուգանքը մեծացել է:
  5. Տուգանք է սահմանված ձմերուկը կտրտած վաճառելու համար:
  6. Մաքսային հսկողության գոտում կարգի խախտման տուգանք է նշանակվել 200 հազար դրամի չափով:

Նշենք, որ պետական բյուջեում նախատեսված՝ իրավախախտումների համար պատժամիջոցներից 2023 թվականի մուտքերը կառավարությունը գերակատարել է դեռ օգոստոս ամսին։

Այս ամենին հավելենք 2022 թվականի նոյեմբերի 6-ի միջադեպը, երբ Երեւանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական առանձնատների մոտ, որտեղ բնակվում է Նիկոլ Փաշինյանը, քաղաքացին ինքնահրկիզվել էր։ Շրջակայքը հսկող ոստիկանները մարել էին կրակը, նրան հոսպիտալացրել։ Վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Կառավարական առանձնատների մոտ ինքնահրկիզում կատարած քաղաքացին 47-ամյա Ազիզ Ուսոյանն էր, որի եղբայրը հայտնել էր ինքնահրկիզման պատճառը․ նրա եկամտի աղբյուրը երկաթյա եւ պլաստմասե իրերի հավաքում-հանձնումն էր։ ԴԱՀԿ-ն, սակայն, 10 հազար դրամի տուգանքի պատճառով մեքենան խլել էր տղամարդուց:

Հուսահատ տղամարդը դիմել էր այդ քայլին՝ ինքնահրկիզումից առաջ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին։»։

Այս խորագրի վերջին նյութերը