Քաղաքական

15.10.2024 09:28


20 մլն 114 հազար ՀՀ դրամ` «ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար. ինչի՞ վրա են ծախսվել գումարները. «Ժողովուրդ»

20 մլն 114 հազար ՀՀ դրամ` «ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար. ինչի՞ վրա են ծախսվել գումարները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սեւանա լճի լողափնյա տարածքում հանրապետությունում լողի մասսայականացման եւ առողջ ապրելակերպի քարոզման նպատակով օգոստոսի 17-ին անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը։

Այս քարոզչությունը մեր երկրի աղքատիկ բյուջեի վրա արժեցել է 20 մլն 114 հազար ՀՀ դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լողի մրցաշարի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տրամադրել է 20 մլն 114 հազար դրամ՝ գրեթե 52 հազար դոլար։ Եղել են դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի, 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ։

Նշենք, որ հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները ներառված չեն: Կնքված պայմանագրերի տպագրված գովազդային նյութերի, մարզաշապիկների, հուշանվերների, հուշամեդալների եւ հավաստագրերի եւ այլ իրերի համար հատկացվել է 2 մլն 236 հազար դրամ։ Մրցաշարի անցկացման, պարգեւատրման անցկացման, տեսահոլովակի առկայության, հեռարձակման ապահովման համար վճարվել է 16 մլն 872 հազար դրամ։

Հարկերը ներառյալ՝ պայմանագրի արժեքը կազմել է 20 մլն 114 հազար դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրների ցտեղեկացավ, որ Պայմանագիրը կնքվել է ԿԳՄՍՆ-ի եւ «ԿՈՆՑԵՊՏ ԻՎԵՆԹՍ» ՍՊԸ-ի միջեւ։

Նշված ընկերությունը 2024 թվականի հունվարի 1-ից առ այսօր պետական գերատեսչությունների հետ կնքել է գնման հինգ պայմանագիր, որից չորսը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, մեկը՝ Երեւանի քաղաքապետարանի։

Կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 86 մլն դրամ։

Այս ընկերության հետ է կնքվել պայմանագիր նաեւ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի անցկացման համար՝ ԿԳՄՍՆ-ից ստանալով դրամաշնորհ՝ 48 մլն 916 հազար դրամ։

Մինչ այս Հայաստանում նման մրցաշարեր չէին անցկացվում, սակայն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դրանք տարեցտարի ավելանում են։ Արդյոք սա անտեղի ծախս չէ՞ առանց այդ էլ միլիոնների դեֆիցիտ ունեցող ՀՀ բյուջեի շրջանակում՝ դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ մրցաշարերը պարբերական բնույթ են կրում եւ տարբեր աստիճանի թանկացումներով։

Հարկ է նշել, որ 2022 թվականին «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի անցկացման համար ծախսվել է 24 մլն 365 հազար դրամ՝ գրեթե 50%-ով ավելի քիչ քան այս տարի։ Հարցական է, թե մրցույթում այդ ի՞նչն է 20 մլն դրամ թանկ արժեցել»։

Այս խորագրի վերջին նյութերը