Քաղաքական

15.10.2024 14:44


Քաղաքապետարանի անիմաստ ծախսերն ու Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 121 մսուր-մանկապարտեզի խնդիրը (տեսանյութ)

Քաղաքապետարանի անիմաստ ծախսերն ու Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 121 մսուր-մանկապարտեզի խնդիրը (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանն ավագանու այսօրվա նիստում անդրադարձել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 121 մսուր մանկապարտեզի խնդրին։

«1995-96 թթ․ մանկապարտեզի շենքի մի հատվածը տրամադրվել է «Փարոս» հիմնադրամին այդ ժամանակ օգնություն, սնունդ բաժանելու համար, այնուհետև այնտեղ գործել է սոց. ծառայությունը, սակայն գրեթե 4 տարի է՝ տարածքը փակ է ու չի օգտագործվում այն դեպքում, երբ մանկապարտեզում կա գրանցված 32 երեխա, ովքեր սպասում են իրենց հերթին, որ հաճախեն մանկապարտեզ։ Անձնակազմը բազմիցս դիմել է թաղապետարանին, քաղաքապետարանին և անձամբ Տիգրան Ավինյան։ Ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ շենքի այդ հատվածը չի վերադարձվում մանկապարտեզին, որ այդ 32 երեխաները ևս կարողանան հաճախել մանկապարտեզ»,-հետաքրքրվել է Աննա Ավետիսյանը։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամը նաև խոսել է 70 մլն դրամ արժեցած 16 երգերի մասին, որոնք նորացված ձայնագրություններով քաղաքապետարանը ներկայացրեց Էրէբունի-Երևան տոնակատարությունների շրջանակում։

«Ի՞նչ տրամաբանությամբ է այդ որոշումը կայացվել և ի՞նչ է շահել այդ նորացված ձայնագրություններով երգերից երևանցին‘ այն դեպքում, որ մեր քաղաքում չլուծված խնդիրները շատ-շատ են, օրինակ հենց կոյուղատար համակարգը, որին 1 մլրդ 823 մլն հատկացրել եք, բայց ամբողջ քաղաքը անմխիթար վիճակում է կամ շենքերի տանիքները, որոնք անբարեկարգ են, իսկ տեղումնառատ եղանակն արդեն սկսվել է ու վերջին հարկերի բնակիչների համար կրկին դառնալու է մղձավանջ, երբ տանիքից ջրերը լցվեն բնակարաններ։ Այդ գումարով այսպիսի հարցերի թեկուզ 1-2 հասցե վերանորոգվեր շատ ավելի հոգատարության դրսևորում կլիներ քաղաքի ու բնակչի հանդեպ, քան սիրված երգերը նոր ձայմագրությամբ ունկնդրելը։

Ի դեպ, ոլորտի տարբեր ներկայացուցիչների կարծիքները համատեղելով՝ պետք է նշեմ, որ այն գումարը, որը տրամադրել եք ձայնագրությունների գործընթացին, մի քանի անգամ գերազանցում են իրական ծախսերը։ Այսպիսով, ինչո՞վ եք առաջնորդվել այս որոշումը կայացնելուց»,-նշել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը