Աշխարհ

16.10.2024 10:56


Վրաստանը Մոլդովայի հետ համեմատելը վիրավորական է. Կոբախիձեն պատասխանել է Բորելին

Վրաստանը Մոլդովայի հետ համեմատելը վիրավորական է. Կոբախիձեն պատասխանել է Բորելին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ի պատասխան ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի քննադատության, վիրավորական է համարել բացասական համատեքստում Վրաստանը Մոլդովայի հետ համեմատելը։ Այս մասին գրում է sputnik-georgia.ru-ն:

Բորելը նախօրեին ասել էր, որ Մոլդովայի հետ համեմատած, Վրաստանում պատկերը մռայլ է. Վրաստանի իշխող կուսակցության գործողությունները, հայտարարությունները և նախընտրական խոստումները երկիրը հեռացնում են եվրոպական ուղուց և մատնանշում են ավտորիտարիզմի անցում, հետևաբար ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դե ֆակտո կասեցված է, ասել էր նա:

«Այս հայտարարությունները ժամանակավոր են, մենք առանձնահատուկ ուշադրություն չենք դարձնի այս հայտարարություններին... Ինչ վերաբերում է Վրաստանին և Մոլդովային համեմատելուն, ապա դուք գիտեք, որ Վրաստանը առաջ է Մոլդովայից բոլոր առումներով՝ լինի դա ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, տնտեսություն»,-ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով, Վրաստանի տնտեսությունը Մոլդովայի տնտեսության ծավալը գերազանցում է 9 մլրդ դոլարով, և դա, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նրանով, որ Վրաստանը, ի տարբերություն Մոլդովայի, ունի շատ ուժեղ պետական ինստիտուտներ։ Միաժամանակ Մոլդովայում չկա քաղաքական բազմակարծություն կամ լրատվամիջոցների բազմակարծություն, ասել է Վրաստանի վարչապետը։

«Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, ապա պետք է հիշել, որ Մոլդովայում քաղաքական կուսակցություններն ու լրատվամիջոցներն արգելվել են, իրականում մնացել է ընդամենը երկու լրատվամիջոց, որը հեռարձակվում է ամբողջ երկրում՝ հանրային հեռարձակողի առաջին ալիքը և հանրային հեռարձակողի երկրորդ ալիքը»,-ասել է Կոբախիձեն:

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը