Լրահոս

18.10.2024 18:13


Ոսկու գինն առաջին անգամ գերազանցել է մեկ ունցիայի դիմաց 2700 դոլարի սահմանը. որո՞նք են դրա պատճառները և ի՞նչ սպասել

Ոսկու գինն առաջին անգամ գերազանցել է մեկ ունցիայի դիմաց 2700 դոլարի սահմանը. որո՞նք են դրա պատճառները և ի՞նչ սպասել

Այսօր ոսկու սփոթ գինն առաջին անգամ հատել է 2700 դոլարը՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Ձուլակտորը թանկացել է 0,7%-ով՝ հասնելով 2712 դոլարի:

Որո՞նք են ոսկու գնի այս ռեկորդային բարձրացման պատճառները

Առաջին

Եվրոպական կենտրոնական բանկը հինգշաբթի օրը երրորդ անգամ այս տարի նվազեցրեց տոկոսադրույքները և հայտարարեց, որ գնաճի դանդաղեցման գործընթացը «լավ ընթացքի մեջ է»:

Նշենք նաև, որ ոչ միայն ԵՄ-ի, այլև մյուս երկրների ԿԲ-ները շարունակաբար սկսել են իջեցնել իրենց տոկոսադրույքները, որպեսզի իրենց երկրների տնտեսությունները աշխուժանան, քանի որ ռեցեսիայի վտանգը մեծացել էր վերջին երկու տարվա ընթացքում

Երկրորդ

Երեկ Իսրայելը հաստատեց ՀԱՄԱՍ-ի գլխավոր առաջնորդներից մեկի՝ Յահյա Սինվարի մահը, ինչը մեծացրեց ներդրողների մտավախությունը՝ տարածաշրջանում հակամարտության սրման վերաբերյալ։

Ավելին, փորձագետները գրեթե համոզված են, որ Իսրայելի հարվածն Իրանին կլինի մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները

Երրորդ

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքի անորոշությունը, քանի որ թեքնածուների վարկանիշների տարբերությունը այնչափ մինիմալ է, որ թույլ չի տալիս կայուն կանխատեսումով հանդես գալ:

Չորրորդ

Թանկարժեք մետաղների գներին բարձրացմանը նպաստեց նաև համաշխարհային ներդրողների որոշումը՝ դուրս գալ Չինաստանում ավելի ռիսկային ակտիվներից: Այն ուժեղացավ այն բանից հետո, երբ Պեկինը զգուշավորություն դրսևորեց և չհայտարարեց տնտեսական խթանման կոնկրետ չափեր, ինչը հիասթափեցրեց ֆոնդային շուկայի խաղացողներին:

Փորձագետների կարծիքով Ոսկու գինը կարող էր ավելի մեծ տեմպերով բարձրանալ, եթե ԱՄՆ-ից ստացված դրական տնտեսական տվյալները չլինեին: Մասնավորապես, մանրածախ վաճառքը սեպտեմբերին սպասվածից ավելի է աճել, իսկ գործազուրկների քանակն անսպասելիորեն նվազել է: Ամերիկյան տնտեսության կայունությունը Դաշնային պահուստային համակարգին թույլ է տվել նվազեցնել տոկոսադրույքները սպասվածից ավելի դանդաղ, ինչ արդյունքում դանդաղել է նաև ոսկու գնի աճը:

Ինչ վերաբերվում է հետագա կանխատեսումներին, ապա գրեթե բոլոր փորձագետների կարծիքով ոսկու գնի աճի տեմպերը պահպանվելու են, քանի որ դրա համար ձևավորվել են ֆունդամենտալ պատճառներ:

Գլխավորն այն է, որ ողջ աշխարհով մեկ զարգացող արժեզրկման գործնթացը կանխվում էր երկրների ԿԲ-ների կողմից տոկոսադրույքների բարձր պահելու միջոցով: Իսկ երբ այդ գործիքը երկար է կիրառվում, ապա հիմք է դառնում տնտեսությունների զարգացման տեմպի նվազմանը, իսկ վերջնաարդյունքում՝ նաև ռեցեսիայի պատճառ:

Այդ իսկ պատճառով աշխարհի երկների ԿԲ-ները որոշեցին իջեցնել իրենց տոկոսադրույքները, որպեսզի աշխարհը խուսափի ռեցեսիայից, ինչը միակ ճիշտ որոշումն էր:

Սակայն երբ ԿԲ-ները իրենց տոկոսադրույքները սկսում են իջեցնել, առերեսվում են, տնտեսությունների մեջ հաստատված իրականությունների հետ: Իսկ դրա առաջին ազդանիշը հենց ոսկու գնի չափն է:

Այն կարող է իջնել այն դեպքում, երբ աշխարհի տնտեսական զարգացման տեմպերը դառնան անշրջելի երկար ժամանակով, ինչն այսօր չի նշմարվում:

Ճիշտ հակառակը՝ տնտեսական իրականությունը դեռ մինչև վերջ չի դրսևորվել, իսկ աշխարհը կանգնել է արդեն նոր անկանխատեսելի պատերազմների վտանգների առջև, ինչի արդյունքում ֆունդամենտալ հիմք է դրվել ոսկու գնի երկարաժամկետ բարձրացման համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը