Աշխարհ

04.05.2009 12:54


Բաքուն կարող է հայտնվել մեծ քաղաքականության ճամփեզրին

Բաքուն կարող է հայտնվել մեծ քաղաքականության ճամփեզրին

Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մայիսի 15-ին նախատեսվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա։ Մինչ այդ, թուրքական լրատվամիջոցներում նշվում էր, որ վարչապետը, մինչև Ռուսաստան կատարելիք այցը, ժանմանաելու է Բաքու։  REGNUM ներկայացրել է վերլուծական հոդված, որում նշվում է, որ Էրդողանի հանդիպումը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ կկայանա միայն Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումից հետո։ Իսկ մինչ այդ Թուրքիայի կառավարության կազմում տեղի ունեցան արմատական փոփոխություններ։ Ի՞նչով էր դա պայմանավորված։  Հատկապես ուշագրավ է արտգործնախարարի պաշտոնում Ահմեդ Դավութօղլուի նշանակումը։ Նա ոչ միայն դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ունի, այլև լուրջ կապեր՝  երկրի զինվորական վերնախավի հետ։  Ըստ REGNUM-ի` Դավութօղլուի «Մենք չենք ընկալում Հայաստանը որպես վտանգ, նա մեզ թշնամի չէ» հայտարարությունn ունի հստակ ենթատեքստ։ Վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշում է, որ դա նշանակում է Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերանայման գործընթացի արագացում։ Դավութօղլուն ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության միջև «երկընտրանքը» Թուրքիայի համար որոշակի վտանգ է պարունակում։ «Որպես եվրաասիական և կենտրոնաասիական քաղաքականության մեջ ներքաշված երկիր, Թուրքիան պետք է այնպիսի արտաքին քաղաքականություն իրականացնի, որում հաշվի կառնվի աշխարհագրական և պատմական գործոնների բազմազանությունը»,- ասել էր Թուրքիայի ներկայիս արտգործնախարարը։ Ըստ Տարասովի` գործնականում դա նշանակում է հետևյալը. առաջին՝ թյուրքիզմի գաղափարների հղկում, որի դիրքերից էր մինչ օրս ընկալվում է Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում իրականացվող Թուրքիայի քաղաքականությունը։ Երկրորդ՝  Եվրասիական «եռանկյուն» ՝ Ռուսաստան, Չինաստան և Հնդակաստան «ներդրվելու» ձգտում։ Այսինքն, ստեղծել գեոքաղաքական հակակշիռ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։ Այս ամենը, վերլուծաբանի կարծիքով, ստիպելու է Ադրբեջանին վերանայել սեփական արտաքին քաղաքականության ուղենիշները, որպեսզի չհայտնվի առաջ շարժվող հարավկովկասյան կարգավորվող գործընթացների ճամփեզրին։ Թուրքիան այս ուղղությամբ արդեն քայլ կատարել է։

Այնուհանդերձ, Ստանիսլավ Տարասովը չի հստակեցնում, թե Հարավային Կովկասում ընթացող «կարգավորման գործընթավները» որոնք են։ Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնորոշման հետ կապված ռուս-վրացական հարաբերությունները շարունակում են խիստ լարված մնալ։ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հարցում բացահայտ գործում է Թուրքիա-Ադրբեջան տանդեմը՝ շարունակելով հայկական կողմից պահանջել ազատագրված տարածքների վերադարձը, հետո նոր միայն բանակցել ԼՂ կարգավիճակի շուրջ։ Եթե վերլուծաբանը «կարգավորման գործընթացների» տակ նկատի ունի էներգակիրների հարցում Թուրքիայի դերի մեծացումը, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է էներգակիրներ արտահանող Ադրբեջանը հայտնվել «մեծ քաղաքականության» ճամփեզրին։

Այս խորագրի վերջին նյութերը