Քաղաքական

21.10.2024 13:39


Գուրգեն Մելքոնյանը պետք է պատասխանատվության ենթարկվի

Գուրգեն Մելքոնյանը պետք է պատասխանատվության ենթարկվի

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը «24TV» յութուբյան ալիքին տված հարցազրույցում արցախցիների հասցեին հնչեցրել էր արտահայտություններ, որոնք ատելության, խտրականության, անհանդուրժողականության և թշանամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված խոսք են պարունակել։

«Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության հիմքով, այն է՝ անձանց նկատմամբ էթնիկական ծագումով և քաղաքական հանգամանքերով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, որոնք կատարվել են զանգվածային լրատվության միջոցի օգտագործմամբ։

Հոկտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեից հանցագործության մասին հաղորդմանն ի պատասխան ստացված գրությամբ պարզ է դառնում, որ վերջինս հրաժարվել է հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ՝ պատճառաբանությամբ, որ ՀՀ ԱԺ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի հնչեցրած արտահայտությունները կրել են բացառապես ընդհանրական բնույթ, դրանցում առկա չեն քրեական օրենսդրությամբ արգելված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքեր։

«Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը շարունակելու է իրավական բոլոր հնարավոր գործիքակազմերի օգտագործումը և առաջիկայում Գ․ Մելքոնյանի դեմ վարույթ չնախաձեռնելը բողոքարկվելու է։

Արմ Կոնսուլ փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը