Կարծիք

24.10.2024 14:10


Բայդենը կհասցնի՞ «հաշտեցնել» Հայաստանին և Ադրբեջանին (տեսանյութ)

Բայդենը կհասցնի՞ «հաշտեցնել» Հայաստանին և Ադրբեջանին (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Չափազանց հավակնոտ կլինի ասել, որ ամերիկյան վարչակազմը պատրաստվում է վա բանկ գնալ Անդրկովկասյան տարածաշրջանում, սակայն փաստը մնում է փաստ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու նամակ է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը, որոնցում կոչ է արել կողմերին որքան հնարավոր է արագ (ցանկալի է մինչև այս տարվա վերջ) կնքել «խաղաղության պայմանագիր»։

Եվ եթե Ալիևին ուղղված նամակում Բայդենն ասել է, որ «խաղաղության համաձայնագիրը», Ադրբեջանի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» ապահովման հետ մեկտեղ, կվերափոխի ողջ տարածաշրջանը, «կապահովի ավելի մեծ առևտուր, ներդրումներ և կապեր Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև» (այլ կերպ ասած, նա հերթական անգամ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին), ապա Փաշինյանին ուղղված նամակում Բայդենը խոսում է «հնարամտության և փոխզիջումների անհրաժեշտության մասին»։ Դժվար չէ կռահել, որ Հայաստանի կողմից զիջումներից մեկը պետք է լինի վերը նշված «Զանգեզուրի միջանցքի» ապահովումը, սակայն ԱՄՆ հեռացող նախագահը չի ասում, թե ինչ զիջումների պետք է գնա պաշտոնական Բաքուն։

Ամեն դեպքում, Բայդենի հրապարակային նամակը Փաշինյանին և Ալիևին բավական «խոշոր աշխարհաքաղաքական խաղադրույք է»։ Եվ եթե այս «խաղադրույքին» ավելացնենք հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում «իրավիճակը լարելու» ԱՄՆ-ի ակնհայտ փորձերը, ինչպես նաև Մոլդովայի բնակչությանը ստիպել ճանաչել հանրաքվեի արդյունքները, որոնց համաձայն երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ պիտի մտնեն՝ Մոլդովայի Հանրապետությանը Եվրամիությանն անդամակցելու նպատակը ամրագրելու մասով, պարզ է դառնում, որ ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունների ֆոնին ամերիկյան վարչակազմը շտապում է «ամեն ինչ հասցնել մինչև դեդլայնը»: Այսինքն՝ մինչև այն ժամանակ, քանի դեռ Բայդենը չի դադարում Սպիտակ տան Օվալաձեւ գրասենյակ մուտք գործելու իրավունքից օգտվել։

Սխալ կլինի հավատալ, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը» կարող է դառնալ այն «հաղթաթուղթը», որի շնորհիվ Քամալա Հարիսը կարող է հաղթել ընտրություններում։ Շտապողականության պատճառն այն է, որ ներկայիս վարչակազմը մտահոգված է ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներով։ Մտավախություն կա, որ դեմոկրատների փոխարեն Սպիտակ տուն կգան հանրապետականները, որոնք կարող են շատ բան վերանայել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ ԱՄՆ նախագահի նոր աշխատակազմի առաջնահերթությունները կարող են վերանայվել:

Եթե մինչև նոյեմբերի 5-ը, այսինքն՝ մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները, Վրաստանը «չընկնի», իսկ Երևանն ու Բաքուն գոնե ինչ-որ մի թուղթ չստորագրեն, ապա Վաշինգտոնի հաջորդ գործունեությունը Անդրկովկասյան տարածաշրջանում և ընդհանրապես հետխորհրդային տարածքում պետք է սպասել ոչ շուտ, քան 2025 թվականի գարնանը, այսինքն՝ ոչ շուտ, քան նոր վարչակազմի ձևավորման պահը։

Իսկ մինչ այդ շատ բան կարող է փոխվել…. Այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի համար:

Մտածե՛ք այդ մասին…»։

Այս խորագրի վերջին նյութերը