Լրահոս

26.10.2024 12:51


Գյումրու մոռացված ռուսական եկեղեցին (տեսանյութ)

Գյումրու մոռացված ռուսական եկեղեցին (տեսանյութ)

Գյումրի քաղաքի պատմության ուսումնասիրությունը հաճախ անակնկալներ է մատուցում նոր բացահայտումների տեսքով։ Երբ մաքրում ես մոռացության փոշին, օրինակ, ամենասովորական առանձնատունը կարող է կերպարանափոխվել քրիստոնեական եկեղեցու։

200 հարյուր տարուց ավելի է ինչ Գյումրի քաղաքի պատմությունը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ։ Գյումրիում յուրաքանչյուր քայլափոխի կարելի է հանդիպել ռուսական հետքի։

Ալեքսանդրապոլում (Գյումրի), որը ցարական շրջանում ռազմականացված քաղաք էր, գործել են նաև ռուս ուղղափառ զինվորական եկեղեցիներ, որոնք տեղակայված են եղել քաղաքից դուրս գտնվող զորամասերում՝ Ալեքսանդրապոլ ամրոցում (Սուրբ Ալեքսանդրա), Կազաչի պոստում (Սուրբ Արսենի) ու Սևերսկի պոստում (Սուրբ Աստվածածին)։

Միայն Սուրբ Միքայել հրեշտակապետ ժամատուն-եկեղեցին, կամ ինչպես գյումրեցիներն են ասում «Պլպլան ժամն» է գործել քաղաքում, այն զինվորական գերեզմանատանը՝ Պատվո բլուրին կից ժամատուն է եղել։

Կազաչի պոստում 1910 թ․-ին օծվել է 153-րդ Բաքվի գնդի Սբ Արսենիի անունով զինվորական եկեղեցին, որը ռուս ուղղափառ ամենամեծ տաճարներից մեկն էր Հայաստանի տարածքում։

Մինչ Կազաչի պոստի եկեղեցին կառուցելը, Ալեքսանդրապոլում՝ Սլաբոդկա թաղամասում գործել է 153-րդ Բաքվի հրաձգային գնդի բանակադաշտային (походная церковь) զինվորական եկեղեցի։ Սլաբոդկա թաղամասն Ալեքսանդրապոլի ամենահին թաղամասերից մեկն է։ Դեռևս 1830-ական թվականներին այստեղ սկսել են բնակություն հաստատել ցածրաստիճան պետական պաշտոնյաներն իրենց ընտանիքներով, զինվորական աստիճանավորներ, Թուրքիայից և Պարսկաստանից ներգաղթած հայ ընտանիքներ:

Ըստ ռուսական որոշ աղբյուրների՝ Կազաչի պոստի եկեղեցու կառուցումից հետո Արսենի անունը տրվել է նորակառույց եկեղեցուն։ Չնայած Արսենիի անունով անվանակոչման այլ վարկած ևս կա։

Պատմական նյութերի ու քարտեզների ուսումնասիրության արդյունքում պարզեցինք Սլաբոդկա թաղամասի ռուսական եկեղեցու կոնկրետ տեղակայման վայրը։ Եկեղեցին տեղակայված է եղել Պատվո բլուրից մի փոքր վերև՝ ներկայիս Նալբանդյան փողոցի վրա՝ քաղաքային այգուն կից։ Ներկայիս քաղաքային զբոսայգու վայրում այդ տարիներին գերեզմանատուն էր, իսկ փողոցն էլ կոչվում էր Գերեզմանոցային։

Ալեքսանդրապոլյան ճարտարապետական ոճով կառուցված եկեղեցու շենքը մինչև հիմա պահպանվում է, չնայած որ ժամանակին ենթարկվել է փոփոխությունների։

Նախկին եկեղեցու շենքում հիմա հյուրատուն է գործում։ Կից լուսանկարներում երևում է, որ այդ շենքը հետագայում է հարմարեցված եղել որպես բնակելի տուն, հստակ երևում է բավականին մեծ կամարը, ինչն այդքան էլ հատուկ չէր բնակելի տներին։ Նախկին առանձնատան սեփականատերերի հարազատներից Տիգրանուհի Տարախչյանի վկայությամբ՝ 1980-ականներին տանը վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, որոնց ընթացքում էլ բացվել է լուսանկարներում երևացող կամարը։ Իսկ ամենաուշագրավն այն է, որ կամարի վրա ռուսերեն փորագրված է եղել «Царство мира и покоя»։ Տիգրանուհի Տարախչյանը, փոխանցելով բանավոր հիշողությունները, նշել է, որ նախկինում այդ տանն ապրել են ռուս հոգևորականներ։ 1980-ականներին դիմել են համապատասխան պետական կառույցներին, սակայն արձագանք չի եղել, ուստի ստիպված կամարը ծածկել են։

Լուսանկարներն արվել են 2019թ․-ին՝ մինչ այդ շենքի վերանորոգումը։

Հ․Գ․

1․Նոր եկեղեցու կառուցումից հետո ինչքան ժամանակ է շարունակել գործել Սլաբոդկա թաղամասի եկեղեցին՝ հայտնի չէ։

2․ Թե ե՞րբ է այն դարձել բնակելի, նույնպես հնարավոր չեղավ պարզել, հավանաբար Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո։

3․Արդյո՞ք այդ շենքը որպես եկեղեցի է կառուցվել, թե պարզապես հարմարացվել է, նույնպես տեղեկություններ չկան․․․

Հնարավոր է, որ 1926-ի երկրաշարժից հետո շենքի արտաքին տեսքը զգալի շինարարական փոփոխությունների է ենթարկվել․․․

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը