Լրահոս

26.10.2024 19:07


Իվանիշվիլին ասել է, որ օտար պետությունը փորձում է Վրաստանը մտցնել պատերազմի մեջ

Իվանիշվիլին ասել է, որ օտար պետությունը փորձում է Վրաստանը մտցնել պատերազմի մեջ

Այսօր «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին քվեարկել է Թբիլիսիի Մթածմինդա շրջանի ընտրատեղամասերից մեկում։

Լրագրողների առաջև նա կոչ է արել վրացիներին ակտիվ մասնակցել քվեարկությանը, քանզի, ըստ նրա, այսօր դրված է Վրաստանի լինելու և չլինելու խնդիրը:

«Ես ուզում եմ կոչ անել հանրությանը՝ գնալ ընտրության։ Մենք պետք է շատ պարզ ընտրություն կատարենք՝ կա՛մ կընտրենք իշխանություն, որը կծառայի ձեզ՝ վրաց ժողովրդին, հայրենիքին, կհոգա երկրի մասին, կա՛մ կընտրենք օտարերկրյա գործակալների, որոնք միայն կկատարեն օտար պետության խնդիրները»,-նշել է նա:

Շարունակելով իր միտքը՝ Իվանիշվիլին բառացիորեն հայտարարել է հետևյալը.

«Այսօրվա ընտրությունները եզակի են նրանով, որ օտար երկիրն ունի իր սեփական շահերը, որոնք կարող են անմիջապես կյանքի կոչվել գործակալների միջոցով, եթե մենք ընտրենք նրանց: Ինչպես գիտեք, մեր հարևանությամբ պատերազմ է ընթանում։ Գործակալներին ղեկավարող երկիրը, որը, ցավոք, այսօր ակտիվ քաղաքական դերակատարություն ունի, Վրաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու խնդիր է դրել:

Վստահեցնում եմ՝ շատ ժամանակ չի անցնի նոր պատերազմի մեջ մխրճվելու համար, եթե գործակալները հայտնվեն իշխանության մեջ։ Դա տեղի կունենա ակնթարթորեն: Երկրի զարգացման մասին հոգալու փոխարեն, աղետ ենք ստանալու, երկիրը ավերակների ենք վերածելու»,-վերջում հայտարարել է Իվանիշվիլին:

Իվանիշվիլու այս կտրուկ հայտարարությունը շատերին է զարմացնել: Դիտորդների կարծիքով՝ այսչափ կտրուկ նա չէր արտահայտվել նախկինում:

Բայց, այնուամենայնիվ, նա չասաց, թե կոնկրետ որ երկրին էր նա ակնարկում, երբ նշում էր, որ այն ցանկանում է օր առաջ տեսնել Վրաստանը պատերազմի մեջ:

Մի մասը կարծում է, որ դա վերաբերվում էր Ուկրաինային, իսկ մյուս մասի կարծիքով՝ նրա հասցեագրումը հավաքական բնույթի էր:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը