Կարծիք

29.10.2024 15:48


Ինչպե՞ս վրացիները քվեարկեցին. միջազգային արձագանքը, և ի՞նչ զարգացում սպասել Վրաստանում

Ինչպե՞ս վրացիները քվեարկեցին. միջազգային արձագանքը, և ի՞նչ զարգացում սպասել Վրաստանում

Վրաստանի ընտրությունները կարելի է գնահատել որպես ամենադեմոկրատականներից մեկը հետխորհրդային տարածքում՝ սկսած 1991 թվականից: Սա փաստում են, գրեթե բոլոր արևմտյան փորձագտները: Սակայն արևմտյան կառավարությունների գնահատականներն այլ ուղղվածություն ունեն:

Եվ դրա պատճառը չափազանց անկեղծ ներկայացրեց Եվրախորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին՝ հայտարարելով բառացիորեն հետևյալը.

«Ոչ մի դիտորդ չի կարողանա հաստատել կեղծիքը։ Սակայն, Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածը պարտավորեցնում է պետությանն ինտեգրվել Եվրամիությանը։ Ընտրությունների «հաղթողը» ակնհայտորեն դեմ է այդ պարտավորությանը։ Հակասահմանադրական արդյունքներ տվող ընտրությունները պետք է կրկնվեն»:

Լագոդինսկու հայտարարության բովանդակային մասը կրկնեց նաև ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ նշելով հետևյալը.

«...Վրաստանի Սահմանադրությունը, որն առաջարկվել և աջակցվում է ներկայիս իշխող կուսակցության կողմից, պահանջում է անդամակցել այս եվրատլանտյան ինստիտուտներին: Բոլոր կուսակցությունները քարոզարշավ են իրականացնում՝ ի պաշտպանություն այս նպատակի: Սակայն իշխող կուսակցությունը այս կուրսին հակասող միջոցներ ձեռնարկեց: Վրաստանի կառավարությունը կարող է վերահաստատել իր հավատարմությունը ժողովրդավարական եվրաատլանտյան կուրսին` հարգելով օրենքի գերակայությունը, շտկելով ընտրական գործընթացի թերությունները, չեղյալ համարելով հակաժողովրդավարական օրենսդրությունը և զգալի ջանքեր գործադրելով ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բարեփոխումների առաջարկությունների իրականացման համար: Մենք այս տարի հետևողականորեն կոչ ենք արել Վրաստանի կառավարությանը հրաժարվել իր հակաժողովրդավարական գործողություններից և վերադառնալ եվրատլանտյան ուղի...»:

Եթե ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցչի այս խոսքերը դիվանագիտական լեզվից թարգմանենք հասարակ մարդկային լեզվի, ապա կստացվի հետևյալը. ամերիկացիները խոստովանում են, որ ընտրություններում լուրջ կեղծիքներ չեն եղել, սակայն վրաց ժողովուրդը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ, սակայն «Վրացական երազանքը» շեղվել է այդ ուղուց: Եթե իշխանությունը շարունակի այդ ուղին, ապա ԱՄՆ-ն կհայտարարի այս ընտրությունները «ոչ լեգիտիմ»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հասկանալով այս մեսիջը՝ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարում է, որ գալիք տարվա հունվարից իշխանությունը պատրաստ կլինի վերսկսել ԱՄՆ-ի հետ հարաբերություններ հաստատելու քաղաքականությունը՝ հույս ունենալով, որ այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կընտրվի Թրամփը:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանքին» Եվրոպայում աջակցեց միայն Հունգարիայի վարչապետ Օրբանը, ով համարվում է Եվրոպայում Թրամփի միակ դաշնակիցը:

Այս տեսանկյունից բոլորը սպասելու են, թե ով կընտրվի ԱՄՆ-ի հաջորդ նախագահ, որից հետո էլ պարզ կլինի, թե ինչ ուղիով կընթանան վրացական գործընթացները:

Ինչպե՞ս իրականում անցան ընտրությունները, և ո՞ր տեղերում էր իշխանությունը թույլ կամ ուժեղ

Ինչպես հայտնի է, «Վրացական երազանքն» ընտրություններում հավաքեց ձայների ավելի քան 53 տոկոսը: Իսկ ընտրություններին մասնակցեց ընտրողների ավելի քան 58 տոկոսը:

Անցած ընտրությունների համեմատ, քվեարկողների ակտիվությունը ավելացեր էր մոտ 270 հազարով, ինչը լուրջ ցուցանիշ է:

Սակայն, մարդկանց ակտիվությունը պայմանավորված էր գերլարված պայքարով և բևեռացվածությամբ, ինչը մղել էր մարդկանց անպայման ընտրություններին մասնակցել:

Իսկ հիմա տեսնենք, թե երկրի որ մասը ինչպես էր քվեարկել:

Վրաստանի չորս խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումիում և Ռուսթավիում, իշխանությունները հավաքել էին ձայների 45 տոկոսը: Նույնքան հավաքել էին նաև միացյալ չորս ընդդիմադիր ուժերը:

Ընդ որում, Թբիլիսիի շրջաններից ամենաակտիվները Վակեն էր, Դիդուբեն, Սաբուրթալոն և Մթածմինդան: Վակեն քաղաքի կենտրոնն ու գործարար մասն է համարվում, Մթածմինդան՝ քաղաքի տուրիստական մասը, Սաբուրթալոն՝ երկրորդ կարևոր մասերից է, ինչպես որ Երևանի Արաբկիր վարչական շրջանը:

Եվ այս չորս շրջաններում, ընդդիմությունը չնչին առավելությամբ հաղթանակ էր տարել իշխանության հանդեպ: Սակայն Թբիլիսիում, բոլոր շրջաններից ստացած ձայների հաշվարկով, իշխանությունն ու ընդդիմությունը ստացել են հավասար ձայներ՝ մոտ 45 տոկոսի սահմաններում:

Ինչ վերաբերվում է շրջաններին, ապա այստեղ պատկերը այլ էր:

Ներկայացնենք մասնակիցների քանակը, ըստ մարզերի.

Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 67,93% (19.771)

Աջարիա – 62,93% (199.557)

Գուրիա – 62,65% (64.476)

Մցխեթա-Մթիանեթի – 61,59% (54.714)

Թբիլիսի – 60,77% (626.577)

Սամցխե-Ջավախեթի – 61,52% (88.336)

Կախեթի – 59,97 (176.814)

Շիդա Քարթլի – 59,69% (140.707)

Սամեգրելո - Զեմո Սվանեթի – 55,27% (185.604)

Իմերեթի – 59,41% (306.547)

Քվեմո Քարթլի – 49,23% (197.309)

Կարող ենք ասել, որ «Վրացական երազանքը» հաղթել է հայերի և ադրբեջանցիների շրջանում, երկրի արևելյան մասում և կենտրոնական մասերում:

Այսպիսով, իշխանության ցուցանիշները լավը չեն Մենգրելիայում և խոշոր քաղաքներում, ինչը պայմանավորված է տվյալ տարածքներում ոչ կառավարական կազմակերպությունների մեծ քանակով:

Եթե կոպիտ ձևակերպենք, ապա՝ Արևմուտքը իրենով էր արել երկրի «ակտիվ փոքրամասնությանը» և դրա շնորհիվ կառավարում էր երկիրը ավելի քան 30 տարի:

Արևմուտքը կշարունակեր կառավարել, եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմը, որտեղ բացահայտվեց, որ Արևմուտքի համար նորանկախ երկրները, ոչ այնքան պետք են որպես ԵՄ անդամ, որքան՝ որպես «աշխարհաքաղաքական» մանրադրամ, որոնք պիտի «օգտագործվեն» Ռուսաստանի դեմ:

Ուկրաինական պատմությունը և դրան գումարած 2008-ի վրացական փորձը դաս եղան ներկայիս Վրաստանի իշխող վերնախավի համար, և նրանք որոշեցին մերժել «մանրադրամ» դառնալու որոշումը, միաժամանակ, հաստատելով, որ կողմ են, որպեսզի Վրաստանը «հանգիստ պայմաններում դառնա ԵՄ անդամ»:

Սակայն պարզվեց, կոլեկտիվ Արևմուտքին այդ մոտեցումը շահավետ չէ, քանի որ իրենց համար ԵՄ-ի ընդլայնումն ավելի շատ աշխարհաքաղաքական նպատակ ունի, և ոչ ոք չի պատրաստվում «ավելորդ բերան» տեսնել իրենց միավորման մեջ:

Վրացիները, ուկրաինացիների օրինակը տեսնելով, չեն ուզում «թնդանոթի» միս դառնալ և հայտարարում են, որ սպասում են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին, որպեսզի դրանից հետո շաքրունակեն իրենց գործընթացը:

Արևմուտքը մերժում է Վրաստանի իշխանության այս գործելաոճը և պահանջում՝ գին վճարել ԵՄ անդամ դառնալու ճանապարհին:

Վրացական ընտրության արդյունքում փոխվեց նաև գլխավոր համարվող ընդդիմադիր ուժը

Առաջին անգամ, 2012 թվականից, Վրաստանում գլխավոր ընդդիմադիր ուժը այլևս չի ասոցացվում Սաակաշվիլու հետ:

Նրա կողմից աջակցվող ուժը հայտնվեց երրորդ տեղում, զիջելով իր նախկին թիմակիցներին, որոնք հայտարարում էին, որ Սաակաշվիլու գործոնը ավելի շատ խանգարում է, այլ ոչ թե օգնում է ընդդիմությանը՝ հաջողության հասնելու համար:

Ճիշտ է, այդ տարբերությունը չնչին էր, սակայն հաշվի առնելով քաղաքական բևեռացվածությունը, կարելի է նշել, որ Սաակաշվիլու թիմակիցներն այս ընտրության ժամանակ էլ ստացան քաղաքական բոնուս, որը հաջորդ անգամ արդեն չի լինի:

Մինչդեռ իշխանության համար հաջորդ ընտրություններում ավելի բարդ կլինի հասնել հաջողության, քանի որ Սաակաշվիլու հակառեյտինգի գործոնը այլևս հնարավոր չի լինի գործի դնել:

Ինչպե՞ս կզարգանան հետագա գործընթացները

Եթե իշխանությանը հաջողվեր ստանալ 60 տոկոսից ավել ձայն, ապա նա կունենար սահմանադրական մեծամասնություն, և ընդդիմության բողոքի հնարավորությունները ավելի քիչ կլինեին:

Սակայն իշխանությունը հաղթեց ընդդիմությանը երկրի մարզերի հաշվին, ինչը նշանակում է, որ ընդդիմությունը ստացավ հնարավորություն՝ մեծ ցույցեր անցկացնել Թբիլիսիում և մյուս խոշոր քաղաքներում: Եթե դրան ավելացնենք նաև կոլեկտիվ Արևմուտքի միահամուռ աջակցությունը, ապա կարող ենք նշել, որ Իվանիշվիլու թիմին սպասվում է դժվար կյանք:

Խնդիրը կարող է փոխվել, եթե ԱՄՆ-ում հաղթանակ տանի Թրամփը, և որից հետո, Հունգարայի վարչապետ Օրբանի միջնորդությամբ, սկսվեն սերտ բանակցություններ Թրամփի և Իվանիշվիլու միջև:

Չի բացառվում, որ դրանից հետո իրավիճակը կլիցքաթափվի:

Զգալով այս վտանգն իրենց համար՝ վրացական ընդդիմությունը փորձելու է գնալ սադրանքների:

Եվ զարմանալի չէ, որ ընդդիմության կարկառուն գործիչներից մեկը՝ Գելա Վասաձեն, հայտարարում է, որ իրենց համար ոչ ԵՄ-ն, ոչ էլ ԱՄՆ-ն չպիտի գլխավոր գործոն ընկալվեն իրենց հետագա պայքարի շարունակման համար:

Այդ տեսանկյունից Վրաստանի քաղաքական փխրուն վիճակը կարող է անկայունության նոր աղբյուր դառնալ, ինչը իր բացասական հետևանքները կարող է թողնել նաև Հայաստանի վրա: Բայց դրա մասին ավելի մանրամասն կխոսենք մեկ ուրիշ անգամ:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը