Կարծիք

31.10.2024 21:02


Ալեքսանդրապոլցի ռուս մեքենավարի անձնազոհ սխրանքը

Ալեքսանդրապոլցի ռուս մեքենավարի անձնազոհ սխրանքը

1918 թվականը ճակատագրական տարի էր Հայաստանի համար, իսկ առավել բախտորոշ էր հատկապես Ալեքսանդրապոլի (Գյումրի) համար։ Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը հաջորդել էր ողբերգական իրադարձությունների շղթա, որի կիզակետում Ալեքսանդրապոլ քաղաքն ու գավառն էր։ Դրանց արդյունքում, առաջին 6 ամիսներին Գյումրին Հայաստանի առաջին հանրապետության մաս չէր կազմում, այլ գտնվում էր թուրքական օկուպացիայի ներքո:

Քաղաքական ու ռազմական սխալների պատճառով 1918թ․-ի ապրիլին թուրքերին է հանձնվում պատմական Կարսը, իսկ մայիսի 15-ին թուրքերը գրեթե առանց դիմադրության գրավում են Գյումրին։ Կանոնավոր բանակը խուճապահար նահանջում է Ալեքսանդրապոլից՝ գյումրեցիներին թողնելով բախտի քմհաճույքին։ Սակայն այդ աղետալի վիճակում որոշ ալեքսանդրապոլցիներ ու զինվորականներ մինչև վերջ դիմադրություն են ցույց տալիս թուրքական բանակին։

Այդ օրհասական պահերին հայերի հետ կողք-կողքի թուրքերի դեմ կռվում էին նաև ռուս զինվորականները։ Թեև ռուսական բանակը փետրվարյան հեղափոխությունից հետո նահանջել էր Հարավային Կովկասից, սակայն Ալեքսանդրապոլում դեռ փոքրաթիվ ռուս զինվորականներ մնացել էին:

1918թ․-ին Ալեքսանդրապոլի գրավմանը ականատես բժիշկ Հովակիմ Մելիքյանն իր հուշերոււմ գրում է, որ թուրքական գրոհի առաջին ժամերին առաջինը դիմադրություն են ցույց տալիս Ալեքսանդրապոլ ամրոցի զինվորականները։

«Ամրոցում մնացած ռուս գնդապետ Կալբանովը իր տրամադրութեան տակ ունենում է միայն մէկ հրետանի, որ եւ դնում է գործադրութեան մէջ ու հերոսութեամբ դիմադրում տաճիկներին: Ամբողջ շրջանի եւ քաղաքի ազգաբնակչութիւնը, ոտքի կանգնած, գաղթի ճամբան է բռնում դէպի Թիֆլիս, իսկ մեր բանակը, կարգի բերուելով, սկսում է կռիւը։ Ալեքսանդրապոլցիք կազմում են կամաւորական մի գունդ եւ բռնում քաղաքի մէջ եղած գերեզմանատան բլուրը: Շուտով քաղաքից հեռանում են զինուորական շտաբը եւ պաշտօնէութիւնը»:

Հովակիմ Մելիքյանի վկայությամբ մայիսի 15-ին Ալեքսանդրապոլի ինքնապաշտպանության թեժ կռիվների ժամանակ իրենց հերոսությամբ աչքի են ընկնում 4-րդ հայկական գունդը և ռուսական սպաների գունդը, որ կոչվում էր «Գէրոգեւսկի» գունդ»:

Սակայն Ալեքսանդրապոլի ինքնապաշտպանության հերոսական դրվագներից ամենաուշագրավն Ալեքսանդրապոլի դեպոյի ռուս մեքենավար Վինոգրադովի սխրանքն է։ Գաղտինք չէ, որ Ալեքսանդրապոլի դեպոյում հայերի հետ միասին ռուս մեքենավարներ էին աշխատում, և թուրքերի ներխուժմամբ առաջին հարվածը հենց հայերին բաժին հասավ: Թուրքերը երկաթուղին շահոգործելու նպատակով խնայել էին շատ ռուս դեպոյականների ու մեքենավարների։ Բայց ոչ բոլորն են հաշտ եղել թուրքերին ծառայելու մտքի հետ: Թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի օկուպացիայից հետո շատերը, չցանկանալով ենթարկվել թուրքերին, հեռանում են քաղաքից։ Սակայն ռուս մեքենավար Վինոգրադովը այլ որոշում է կայացնում։ Ալեքսանդրապոլը գրավելուց հետո՝ մայիսի 20-ին թուրքերը կարգի են բերում Սարիղամիշ-Ջուլֆա երկաթգիծը ու սկսում են երկաթուղով զորքեր տեղափոխել։ Այդ զորքերի մի մասն էլ պետք է ուղղվեին Երևանի գրավման համար։

Ալեքանդրապոլից փախած մեկ այլ ռուս մեքենավար Թիֆլիսի «Մշակ» թերթին պատմում է, որ մայիսի 24-ին Ալեքսանդրապոլի դեպոյի մեքենավար Վինոգրադովն իր ընկերներին հայտնում է, որ ինքը կամովին թուրքական զորք չի փոխադրի, իսկ եթե ուժով ստիպեն, այնպես կանի, որ գնացքը խորտակվի։ Վինոգրադովն իր խոսքի տերն է լինում և սեփական կյանքի գնով թուրքական զորքով բեռնված 2 գնացք է խորտակում։ Դեպքի մասին որոշ մանրամասներ ականատեսները պատմում են «Մշակ» թերթի խմբագրությանը:

«Ալէքսանդրօպոլից դեպի Ուլուխանլու (Մասիս) ճանապարհին, 8-րդ վերստի վրա, թիւրքական զորքերով գնացքը, որ տանում էր Վինօգրադօվը, խորտակվեց։

Գնացքը ամբողջ կազմով տապալվեց գծից։ Ինքը Վինօգրադօվը մեռել է: Հետևեալ գնացքը, դարձեալ թիւրք զինւորներով, որ գնում էր առաջի ետևից, ընկաւ նրա վրա և նոյնպէս խորտակվեց: Խորտակման մանրամասնութիւնները յայտնի չեն: Ենթադրում են, որ խորտակումը տեղի է ունեցել նրանից, որ Վինօգրադօվը չափազանց արագ է քշել գնացքը»։

Ցավոք, այս անձնազոհ սխրագործության մասին այլ վկայություններ, լուսանկարներ ու փաստաթղթեր չհաջողվեց գտնել: Սակայն այս արարքը միանշանակ արժանի է հիշատակման ու վավերագրման: Կյանքի գնով թշնամու դեմ մինչև վերջ պայքարելու այս դրվագը, ոչ միայն ուսուցողական դեր ունի սերունդների դաստիարակման գործում, այլ նաև հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության դրսևորման փոքրիկ, բայց վառ օրինակ է:

Լուսանկարում Ալեքսանդրապոլի երկաթգծի կայարանն է
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը